«Չի՛ կարելի Աստծո պատվիրաններին դեմ գործողություններ անել». Տեր Շահե քահանա

Քառասնորդական պահքն այս տարի սկսվում է փետրվարի 24-ից և, ներառելով նաև Ավագ Շաբաթը, շարունակվում մինչև ապրիլի 12-ը` Սուրբ Զատիկ:

Պահքերից առաջինն ու Մեծը սուրբ Քառասնորդացն է, որ օրինադրեցին ու պահեցին մարգարեները, որը նաև Քրիստոս պատվեց և մեզ ավանդեց: Պահքը սկսվում է Բարեկենդանին և ավարտվում Զատկին, և այն «Քառասնորդաց» է կոչվում, որովհետև պահոց երկրորդ կիրակիից մինչև Տիրոջ ընթրիքը կազմում է քառասուն օր: Այս պահքը կոչվում է նաև «Աղուհացից», որովհետև նախկինում այս պահքի կերակուրն աղ ու հաց է եղել: Այսպես պահել են հավատացյալներն առաքյալների ու առաջին հայրապետների ժամանակներում, երբ դեռ ջերմեռանդ էին քրիստոնեական հավատի մեջ, իսկ այնուհետև թուլանալով` աստիճանաբար սկսեցին ուտել նաև այլ կերակուրներ:

«Պողոս առաքյալն ասում է՝ մենք Աստծո առջև չենք կանգնելու ուտելու կամ խմելու համար, Աստված նայելու է մեր սրտերին՝ առաքինի՞ է, հավատքո՞վ է, հա՞շտ է, խաղա՞ղ է: Ահա, այս կատեգորիաներով է մարդն իր տեսակը բերում Աստծո առջև, այսինքն, աստվածահաճո է դառնում: Չի՛ կարելի Աստծո պատվիրաններին դեմ գործողություններ անել: Եթե առողջ ես, պահի՛ր պահքը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱՀԹ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Շահե քահանա Հայրապետյանը:

Սննդաբան Հասմիկ Աբովյանի կարծիքով՝ շատերն օրենքի հետևից են ընկնում ՝մոռանալով օրենքի ոգու մասին:

«Ցավոք, տեսնում ենք այնպիսի մարդկանց, ովքեր թաթախված են մեղքերի մեջ, սակայն պահք են պահում: Ինչ վերաբերում է սննդակարգին, ապա այն բավականին առողջ է համարվում, իհարկե, առողջ մարդկանց համար: Հատուկ ուշադրություն պետք է դարձնել երեխաներին, որոնց այդքան երկար ժամանակահատված հեշտ չէ պահք պահել: Նրանց անհրաժեշտ է կենդանական սնունդ»,- նշեց Հասմիկ Աբովյանը:

Սննդաբանի խոսքով՝ Մեծ պահքը կարող է վնաս հասցնել նրանց, ովքեր ունեն աղեստամոքսային տրակտի հիվանդություններ: Սա՝ այն դեպքում, երբ ջերմամշակում չանցած բուսական սնունդը սննդակարգում շատ լինի: Պահք պահել խստիվ արգելվում է սակավարյունություն ունեցող մարդկանց:

«Մեր արյունը ստեղծվում է միայն կենդանական սնունդ ուտելիս, հատկապես՝ մսամթերք: Հոգևոր առումով անընդունելի եմ համարում պահք պահելով քաշ կորցնելը: Այնուամենայնիվ, այն մարդիկ, ովքեր ուզում են միայն «առողջանալ», նրանց մոտ կարող է քաշի ավելացում լինել: Ամբողջ բուսական սնունդն ածխաջրերի աշխարհ է, և չենք կարող առանց ջերմային մշակման բույսեր ուտել, որովհետև կարող ենք աղեստամոքսային տրակտի խնդիրներ ձեռք բերել»,- ընդգծեց Հասմիկ Աբովյանը:

Այս թեմայով
am