«Հատուկ՝ ձվի մեջ մազ փնտրողների համար». Վահագն Հովակիմյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դրամահավաքի մասին կամ ձվի մեջ մազ փնտրելու նուրբ արվեստը 

Այսպես, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը փետրվարի 25-ին կազմակերպել էր դրամահավաք, որի ընթացքում հավաքված գումարը պետք է ծախսվի կուսակցության ընթացիկ կարիքների և ԱՅՈ-ի քարոզչությունը կազմակերպելու համար: Այս մասին բազմիցս հայտարարվել է, այդ թվում դրամահավաքի ընթացքում պաշտոնապես: Այս գործընթացը կազմակերպվել և իրականացվել է ՀՀ օրենսդրության տառին համապատասխան: Թվում է՝ ամեն ինչ առավել քան պարզ է. կուսակցությունը կազմակերպել է դրամահավաք՝ պոտենցիալ նվիրատուներին տեղեկացնելով, թե ինչ նպատակով է պատրաստվում գումարները ծախսել: Բայց ոչ, որոշ դեպքերում միևնույն է կան մարդիկ, որոնք համառորեն փորձում են ձվի մեջ մազ գտնել, նույնիսկ հայտարարություն են տարածում:
Հատուկ ձվի մեջ մազ փնտրողների համար, կուսակցություններին նվիրատվություններ կատարելու գործընթացը կարգավորվում է Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքով (24-րդ հոդված): Գումարի նպատակային՝ այն է 2020թ. ապրիլի 5-ի հանրաքվեի քարոզչության նպատակով գումարների ծախսումը կարգավորվում է Հանրաքվեի մասին սահմանադրական օրենքով: Մասնավորապես, 20-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ հանրաքվեի քարոզչական կողմերի հիմնադրամների մուծումների չափը 100 մլն դրամը չի կարող գերազանցել: Ավելի պարզ, եթե ներկայացնեմ. փետրվարի 25-ի դրամահավաքի ընթացքում հավաքված 205 մլն դրամից հանրաքվեի քարոզչության համար կարող է ծախսվել մինչև 100 մլն դրամ: Մնացած գումարը դրամահավաքի կազմակերպիչը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կարող է ծախսել իր ընթացիկ կարիքների համար, ինչպես հայտարարվել է դրամահավաքից առաջ, ընթացքում և հետո:
Իհարկե, առանձին անձինք կարող են յուրովի ընկալել և մեկնաբանել բոլորի աչքի առաջ տեղի ունեցած գործընթացը, դա իրենց իրավունքն է: Ավելին, նրանցից ոմանք եղելությունը յուրովի՝ իրականության հետ կապ չունեցող ձևով ներկայացնելու բազմամյա փորձ ունեն: Կրկին իրենց իրավունքն է, ոչ ոք զրկված չէ ստեղծագործելու իրավունքից: Պարզապես կարիք չկա սեփական հորինվածքն իբրև իրողություն ներկայացնել»:

Այս թեմայով
am