Սերժ Սարգսյանը օգտվում է այդ հնարավորությունից ու քաղաքական թատրոն սարքում․ ինչո՞ւ հափշտակության մեջ մեղադրվող նախագահը հիշեց Արցախը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ երեկ մեկնարկեց Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատավարությունը։

Պաշտոնաթող նախագահը ժամանեց դատական նիստին։ Դատարանի Նոր Նորքի նստավայրի մոտ հավաքված աջակիցներին Սարգսյանը շնորհակալություն հայտնեց և կոչ արեց վերադառնալ իրենց տները՝ «հաշվի առնելով եղանակային պայմանները և այն հանգամանքը, որ հույս կա, որ Հայաստանում դեռևս կան դատավորներ, որոնց համար արդարադատությունը վեր է ամեն ինչից»։

Նախկին նախագահը, հիշեցնենք, մեղադրվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու մեջ, բայց դատարանի դիմաց անդրադարձել է արցախյան հիմնահարցին. «Լեռնային Ղարաբաղի անկախությունը վեր է ամեն ինչից: Ես աշխարհի ամենաբարձր ամբիոններից պարբերաբար հայտարարել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Սա եղել է իմ կյանքի գերագույն նպատակը և այն ինձ ուղեկցելու է մինչև վերջ և ամենուր»։

Սերժ Սարգսյանի հայտարարություններին արդեն արձագանքել է խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ մասնավորապես նշելով հետևյալը. «Չկա ավելի անամոթ ու երեսպաշտ բան, քան Արցախի ու մեր անվտանգության հարցը շահարկող ու այն որպես վահան օգտագործել փորձող կոռուպցիոները»։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ նորմալ է, որ Սերժ Սարգսյանը խոսում է այն ոլորտի մասին, որտեղ ինքը մտածում է, որ ավելի ուժեղ է։ «Ինչո՞ւ է խոսում Ղարաբաղի մասին, որովհետև իր ձեռքին ունի փաստ։ Իսկ փաստը հետևյալն է՝ իր նախագահության շրջանում բանակցային գործընթացում լուրջ բացթողումներ չենք ունեցել։

Այնուամենայնիվ, նրա կողմից շրջանցվեց, որ 2016 թվականի ապրիլյան իրադարձությունների ժամանակ տարածքային կարուստ ունեցանք, որը, իր կարծիքով՝ անպետք տարածք էր։ Կարծում եմ, որ հոգեբանական տեսանկյունից եթե նայենք՝ ենթագիտակցորեն մղումը խոսել այն մասին, որը տվյալ պահին ուժեղացնում է իր դիրքերը, բացատրելի է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Հարցին ՝ արդյոք ղարաբաղյան հարցի թեման ուժեղացնո՞ւմ է իր դիրքերը, երբ վերջերս Փաշինյանը հայտարարեց, որ որպես ժառանգություն 7 տարածքների հանձնում է ստացել Սերժ Սարգսյանից, Ղևոնդյանը պատասխանեց. «Կարող ենք ասել, որ եթե երկխոսությունն ընթանա կոնկրետ ղարաբաղյան խնդրի զարգացումների մասով՝ նրա դիրքերի ուժեղացում չի լինի։ Բայց հաշվի առնենք մի բան՝ դատավարությունն ընթանում է բոլորվին այլ թեմայով, ու այդ թեման հիմքից փոխելը կարող է որոշակի դիվիդենտներ բերել։ Խոսույթի իմաստով դա հասարակության ուշադրությունը կարող է շեղել քննվող գործի առանցքից։ Այդ իսկ պատճառով՝ եթե հասարակությունը, իշխանությունը այդ խայծը կուլ տա ու քննարկի ղարաբաղյան հարցով Սերժ Սարգսյանի արտահայտած մոտեցումները, այդ թվում՝ այն, որ նա, այնուամենայնիվ, որոշակի բացթողումներ է ունեցել, դա դատավարության իմաստը որոշակիորեն կշեղի։ Կարծում եմ՝ այսօր իր թիմի նպատակը հենց դա է»։

Մանրամասները՝1in.am-ում 

 

Այս թեմայով
am