Քրեական գործը միտված է զսպելու Սերժ Սարգսյանի քաղաքական գործունեությունը. փաստաբան

Յուրաքանչյուր դատական նիստի ընթացքում ամենայն մանրամասնությամբ հանրությանը ներկայացնելու ենք, թե այս քրեական գործն ինչպես է կառուցվել։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։

«Հանրությանը ցույց ենք տալու, թե ինչ աղաղակող փաստեր կան այն մասին, որ պարոն Սարգսյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։ Սա ուղղակի զավեշտ է, որ կարող է գործել քրեական գործ, դառնա մեղադրանք ու գա դատարան։ Քաղաքական հետապնդում է, ենթատեքստ չկա»,-ասաց Ամրամ Մակինյանը։

Հարցին՝ ինչ խնդիր է այսկերպ լուծում իշխանությունը, Արմամ Մակինյանն ասաց՝ դա ուղղված է Սերժ Սարգսյանի քաղաքական գործունեությունն առնվազն զսպման մեխանիզմ գտնելու։ Պաշտպանն ընդգծեց, որ հերթականությամբ ներկայացնելու են այս քրեական գործի քրեական գործ չլինելը, շինծու լինելը։

Ամրամ Մակինյանը նշեց, որ դատարանում խոսում էր մի հանգամանքի մասին, որ նախաքննական մարմինը պետք է ուշադրություն դարձներ.

«Կազմակերպությունը ըստ քրեական գործում առկա նյութերի, որը քրեական հետապնդման մարմինն ընդհանրապես չի նկատել, դիզելային վառելիքը գնել է 430 դրամով և սկսել է վաճառել ավելի էժան։ Այս հանգամանքների մասին, երբ նախաքննության փուլում ասում ենք, որ այստեղ պետք է դատահաշվապահական փորձաքննություն նշանակել և մի շարք հանգամանքներ պարզել, որ այս կազմակերպությունն առնվազն չէր կարող 420 դրամով պետությանը դիզվառելիք մատակարարել այն պարագայում, երբ նույն ժամանակահատվածում ձեռք է բերում 440-460 դրամով։ «Մաքս հուր» ընկերության մասին եմ խոսում։ Սա ինչի՞ մասին է հուշում, որ այստեղ պետք էր մանրամասն, բազմակողմանի, օբյեկտիվ, լրիվ 17 հոդվածի պահանջները պահպանել, հավաքել ոչ միայն մեղադրող ապացույցներ, այլև արդարացնող ապացույցներ։ Բազմաթիվ միջնորդություններ ենք արել այս կամ այն ապացույցները պետական մարմիններից ձեռք բերելու, հարցումներ ենք կատարել ՊԵԿ՝ որոշակի հանգամանքներ պարզելու։ Իսկ ՊԵԿ-ը մեզ պատասխանում է, որ Ձեր հայցած տեղեկությունն առևտրային գաղտնիք է պարունակում։ Մենք նշում ենք, որ հայցվող տեղեկատվությունն օգտագործվելու է բացառապես անձի պաշտպանությունն իրականացնելու նպատակով։ Մեզ չի տրամադրվում այդ տեղեկատվությունը»,-ասաց ՀՀ երրորդ նախագահի պաշտպանը։

Ամրամ Մակինյանն ասաց՝ ՀՀ երրորդ նախագահը մեղադրվում է հանցագործության կազմակերպման մեջ. «Վարույթն իրականացնող մարմինն ինչ-որ բան կազմակերպե՞լ է քրեաիրավական առումով։ Դա շատ լուրջ գործողությունների շղթա է։ Երբ գա այդ փուլը, կընդգծեմ և կտեսնեք, թե որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը քանի բառ է պարունակում պարոն նախագահի գործողությունների մասին»,-նշեց Ամրամ Մակինյանը։

Անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունքին՝ Ամրամ Մակինյանը նկատեց՝ այդ ցուցմունքն էլ չկա. «Միայն ցուցմուքնի փաստացի, թղթի գործի մեջ կարված լինելը չի նշանակում, որ դա գոյություն ունի»,-ասաց Ամրամ Մակինյանը, սակայն հրաժարվեց անուններ տալ։ Ամրամ Մակինյանը նաև հավելեց, որ Սերժ Սարգսյանը մեկ անգամ առերես հարցաքննվել է իր դեմ ցուցմուքն տված մարդու հետ։ Դիտարկմանը՝ այդ դեպքում ինչու է ասում, որ վկայություն չկա, Ամրամ Մակինյանն արձագանքեց. «Ես իրավաբան եմ, գնահատում եմ այդ տվյալը, որը ներկայացվել է և գնահատում եմ, որ այո՛, դա չկա»,-ընդգծեց Ամրամ Մակինյանը՝ ընդգծելով, որ ամեն ապացույց չէ, որ կարող է անցնել քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված մասերով և մնա որպես ապացույց։

Այս թեմայով
am