Թուրքիայի տուրիստական բիզնեսն անհանգստացած է Ռուսաստանի հետ հարաբերությունների սրումից. փորձագետ

Թուրքիայի տուրիստական ինդուստրիայի մասնագետներն անհանգստությամբ են հետեւում սիրիական Իդլիբում իրադրության սրման ֆոնին Անկարայի եւ Մոսկվայի հարաբերություններում աճող լարվածությանը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Թուրքիայի ճանապարհորդությունների բիզնեսի ներկայացուցիչը, ով չի ցանկացել, որ իր անունը նշվի։

Ավելի վաղ նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան դեռեւս իրեն բավարարող արդյունք չի ստացել սիրիական Իդլիբի շուրջ ՌԴ-ի հետ բանակցություններում եւ պատրաստ է ռազմական գործողություն սկսել այդ տարածաշրջանում:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը դա համարել է վատագույն սցենարը: «Իդլիբի ճգնաժամի պատճառով երկու երկրների միջեւ աճող տարաձայնությունները, անտարակույս, անհանգստություն են առաջացնում ճյուղում: Առկա է 2015 թվականի «ինքնաթիռային ճգնաժամի» տխուր փորձը, երբ Ռուսաստանն արգելք դրեց Թուրքիա չարթերային թռիչքների եւ տուրիստական փաթեթների վաճառքի վրա, եւ մեր տուրիստական սեկտորը շատ դժվարին ժամանակներ ապրեց»,-ասել է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքով՝ Ռուսաստանից հանգստացողները, որոնք հիշում են 2015 թվականի իրադարձությունները, նույնպես անհանգստացած են երկու երկրների հարաբերություններում առկա լարվածությունից:

«Լարվածության սաստկանալու դեպքում կարող են կրկին հայտնվել ուղեւորությունների սահմանափակումներ, եւ զբոսաշրջիկները երկյուղում են, որ իրենց ամրագրումներին ու փողերը կկորչեն: Սոցցանցերում շարունակ լուրեր են շրջանառվում այդ մասին»,-հայտարարել է թուրքական տուրիստական բիզնեսի ներկայացուցիչը: Նա նշել է, որ 2015 թվականի ճգնաժամից հետո Թուրքիայում շատ էին խոսում տուրիստական շուկայի դիվերսիֆիկացման եւ ռուսաստանցի զբոսաշրջիկներից կախվածությունը նվազեցնելու մասին, բայց այժմ Անթալիան էլ ավելի կախյալ է դարձել նրանցից:

«Փետրվարի 20-ին Թուրքիան չեղարկեց եվրոպական վեց երկրների քաղաքացիների համար այցագրերն այն հնարավոր կորուստները փոխհատուցելու նպատակով, որոնք կարող են լինել ՌԴ-ից զբոսաշրջիկների հոսքի անկման պատճառով: Այդ որոշումն ընդունելու արագությունը դա է մատնանշում: Բայց յոթ միլիոն ռուսաստանցի զբոսաշրջիկներին փոխարինել չեն կարող այն երկրներից ժամանող հյուրերը, որոնց համար չեղարկվել են այցագրերը»,-ասել է գործակալության զրուցակիցը: Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության տվյալներով՝ 2019 թվականին երկիր այցելած ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվը կազմել է 7,018 միլիոն, ինչը բացարձակ ռեկորդ է եւ 17,65 տոկոսով գերազանցում է 2018 թվականի համանման ցուցանիշը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Այս թեմայով
am