Ես չեմ պնդել, որ ձկնկիթ գնելու մեջ հանցակազմ կա, հակառակը, այդտեղ կա բարոյականության անկում. Նարեկ Սամսոնյան

ՀՔԾ-ում չեմ հրաժարվել ցումցունք տալուց, պարզապես ասել եմ՝ ցուցմունք եմ տալիս այնքան, ինչքան ես տեղեկություն ունեմ, դրանից ավել ոչինչ չգիտեմ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը՝ անդրադառնալով իր նկատմամբ հարուցված քրեական գործին:

«Ասել եմ՝ չեմ վստահում ՀՔԾ-ին ու ՀՔԾ պետին: ՀՔԾ-ն ինքն իրենով ՀՀ-ում թիվ մեկ հետապնդումներ իրականացնող մարմինն է, ցուցմունքս շարադրում եմ, քննիչը տպում է: Վերջում մի քանի հարց է տալիս, դրանց նույնպես պատասխանում եմ, տեղեր կան, որ լռում եմ, չեմ պատասխանում, նա ֆիքսում է այդ ամենը: Վերջում, երբ պետք է ստորագրեմ իմ ցուցմունքի տակ, պարզում եմ, որ քննիչը ցուցմունքում խմբագրումներ է կատարել, խեղաթյուրել է իմ տված ցուցմունքը»,- ասաց նա:

Դիտարկմանը՝ քաղաքական հայտարարությունների դեպքում քննիչը դատավարական պարտավորվածություն չունի դրանք ներառելու ցուցմունքի մեջ, Սամսոնյանը պատասխանեց, որ քրեական դատավարության մասին օրենքն ասում է՝ ցուցմունքը տալիս է վկան և քննիչը պետք է հավաքի այն նույն բառերով, որն ասել է վկան:

«Բացի այդ ո՞վ է որոշում, թե որն է քաղաքական հայտարարություն: Քննիչը դրա իրավունքը չունի: Ի՞նչ է նշանակում քաղաքական հայտարարություն: Քաղաքական հայտարարություն կլիներ այն, եթե ես ասեի՝ գրեք, որ Նիկոլ Փաշինյանն է այս գործը ստեղծել»,- ասաց նա:

Հարցին՝ իր ասածն ի՞նչ կապ ունի այն թեմայի հետ, որի առթիվ էլ քրեական գործ է հարուցվել, Սամսոնյանն արձագանքեց. «Ինձ հարց է տրվում աղբյուրի բացահայտման համար, ես ասում եմ, որ աղբյուրը չեմ բացահայտելու, որովհետև ես լրատվամիջոցի ղեկավար եմ: Լրատվամիջոցի ղեկավար լինելու պատճառով է ինձ մոտ հայտնվել դա, բացի այդ նշում եմ, որ աղբյուրը բացահայտելու որևէ իմաստ չեմ տեսնում, քանի որ քաղաքական հետապնդումներ են իրականացնում»:

Իսկ թե որն է ձկնկիթ գնելու մեջ հանցակազմի տարրը, Սամսոնյանն ասաց. «Իսկ ո՞վ է ասել, որ ես կամ որևէ մեկը հանցակազմ է այդտեղ փնտրում: Ես երբեք չեմ էլ մտածել, որ այդտեղ հանցակազմ կա, չեմ էլ պնդել: Հակառակը՝ այդտեղ ոչ թե կա հանցակազմ, այլ կա բարոյականության անկում, որովհետև նույն վարչապետը, որը մի քանի տարի առաջ ընդդիմադիր պատգամավոր էր, ԱԺ ամբիոնից ասում էր՝ ձկնկիթն ուտում եք ասում եք՝ երեխա ենք պահում»:

Սամսոնյանն ասաց, որ ՀՔԾ-ն իրենից լավ գիտի այն ռեստորանի անունը, որտեղից գնվել է ձկնկիթը, ուստի ինքը անունը չի նշի:

Անդրադառնալով մեղադրանքներին, որ Նարեկ Սամսոնյանը և՛ լրատվամիջոցի ղեկավար է, և՛ ՀԿ ղեկավար, և՛ ակտիվիստ, նախկինում այլ քաղաքացիական հայացքներ ունեցող, հիմա այլ քաղաքական հայացքներ ունեցող անձ, փաստորեն, լրացուցիչ օգտվում է այդ բոլոր լիազորություններից, բանախոսն ընդգծեց, որ չի մտածել այդ մասին:

«Փաստորեն շատ լավ է ստացվել, որ ես կարողանում եմ օգտվել այդ բոլոր լիազորություններից: Ես նախ և առաջ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավարն եմ, որը գործում է ՀՀ-ում ֆորմալ և դե ֆակտո 2012 թվականից, մեր կազմակերպության շրջանակներում մենք ունեցել ենք և ունենք բազմաթիվ ծրագրեր՝ քաղաքացիական կրթության, քաղաքական կրթության դպրոց, տարատեսակ ծրագրեր, որին միացել է anitfeke.am-ը որպես լրատվամիջոց: Դրա իրավունքը մենք ունեցել ենք, ունենք և դա ինչ-որ զարտուղի ճանապարհներով, խորամանկության հետևանքով ստացված ինչ-որ բան չէ, առավելություններ չեն, դրանք շատ կոնկրետ ՀՀ օրենսդրությամբ մեզ տրված հնարավորություններ են, որը մենք օգտագործել ենք»,- շեշտեց նա:

Սամսոնյանի խոսքով՝ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ն 8 տարվա ընթացքում հազարավոր երիտասարդների է կրթել: «Ի դեպ, այսօր ԱԺ իշխող խմբակցությունում կան պատգամավորներ, որոնք մեր քաղաքացիական կրթության դպրոցն են անցել, կան նաև այնպիսիք, որոնք մեր քաղաքացիական կրթության դպրոցի հարցազրույցների փուլը չեն հաղթահարել, բայց այսօր պատգամավորներ են: Այսինքն «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ն դաշտում միշտ եղել է, և ես համակարգել ու շարունակում եմ համակարգել նրա աշխատանքները»,- հայտարարեց նա:

Ինչ վերաբերում է քաղաքական հայացքները փոխելուն, նա ասաց, որ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է՝ երբեք որևէ քաղաքական հայացք չի փոխել:

«Անգամ երբ նախկինում եղել եմ կուսակցական, ՀՀՇ անդամ, այդ օրվանից սկսած մինչ օրս իմ քաղաքական հայացքները եղել են, կան և մնացել են նույնը: Պարզապես, ի տարբերություն իմ նախկին գործընկերների, ի դեպ նաև իմ նախկին գործընկերը Նիկոլ Փաշինյանն է, որովհետև մենք շատ սերտ համագործակցել ենք թե՛ «Ելք» դաշինքի շրջանակներում, թե՛ իրենց քաղաքական գծին քաղաքագիտական օգնություն տրամադրելու շրջանակներում, թե՛ իրեն ԱԺ պատգամավոր դարձնելու շրջանակներում 2012-թվականին, շատ մտերիմ ենք եղել, նաև դա են երեսով տալիս ինձ այսօր, ի տարբերություն իրենց, ես ունեցել եմ և ունեմ սկզբունքներ, որոնք «քաղաքականության մեջ չկան հավերժական բարեկամներ, այլ կան հավերժական շահեր» սկզբունքը չեն ընդունում»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի՝ 5 քաղաքական գործիչներին Նաիրի Հունանյանի հետ համեմատելուն, Սամսոնյանն ասաց. «Իրականում ժպտում եմ, բայց շատ ցավալի է այդ բառապաշարը, այդ համեմատությունները լսել իմ երբեմնի ավագ ընկերոջ կողմից: Նաիրի Հունանյանի հետ համեմատությունը, հոկտեմբերի 27-ի համեմատությունը... կարելի էր ավելի լավ համեմատություն անել, եթե մի քիչ բարոյական պատասխանատվության հատված լիներ, վստահ եմ՝ Նիկոլը այլ օրինակ կբերեր: Այստեղ կա բարոյականության բավականին մեծ անդունդ, որը Նիկոլն անընդհատ փորում է: Իսկ դիտարկելով որպես վարչապետի կողմից արված համեմատություն՝ ասեմ՝ Նաիրի Հունանյանի անունն է տալիս մի մարդ, ով Նաիրի Հունանյանի մոտ պատգամավոր է ուղարկում, ով Նաիրի Հունանյանի հետ այսօր նամակագրության մեջ է»:

Այս թեմայով
am