Մահակով և հակագազով ցուցմունք կորզելու համար մեղադրանք է առաջադրվել ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ նախկին պետին

Մահակով և հակագազով ցուցմունք կորզելու վերաբերյալ հրապարակման կապակցությամբ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի (ՔՀԲ) նախկին պետ Վ. Ն.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով։ Այս մասին հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ)

Հաղորդագրության համաձայն, մեղադրանք է առաջադրվել այն հանցավոր արարքի կատարման համար, որ Վ.Ն.-ն, 2008 թվականի նոյեմբերին զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնը, խմբով, դիտավորությամբ կատարել է բռնությամբ և հատուկ միջոցի գործադրմամբ զուգորդված այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից և էական վնաս պատճառել անձի իրավունքներին ու պետության օրինական շահերին:

«Ըստ առաջադրված մեղադրանքի` Վ. Ն.-ն 2008 թվականի նոյեմբերի սկզբին` իր աշխատասենյակում, նույն բաժանմունքի ծառայողների մասնակցությամբ, բնակարանային գողության փորձ կատարելու դեպքի շուրջ զրուցել է հիշյալ հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանության բաժին բերման ենթարկված Արմեն Մարտիրոսյանի հետ: Վերջինիս կողմից դեպքին առնչություն ունենալու հանգամանքը հերքելուց հետո Վ. Ն.-ն և ոստիկանության մի շարք այլ ծառայողներ, գողության փորձ կատարելու դեպքը խոստովանելու պահանջ ներկայացնելով, Արմեն Մարտիրոսյանին գցել են գետնին, գլխին անցկացրել հակագազ և ձեռքերով ու մահակով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ», - ասված է հաղորդագրությունում:

Նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ նույն քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Ն. Ս.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով։

Հիշեցնենք՝ 2019 թվականի նոյեմբերին համացանցում հրապարակված «Սկանդալային տեսանյութ. Հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ տեսանյութի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի երկրորդ մասով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով։ Կատարված նախաքննության ընթացքում պարզվել է ենթադրյալ բռության ենթարկված անձի ինքնությունը, վերջինս գործով ճանաչվել է տուժող։

Խոշտանգման կադրեր պարունակող տեսանյութի կապակցությամբ լրատվամիջոցների տարածած տեղեկատվության համաձայն` քաղաքացուն խոշտանգելու առերևույթ հանցագործության դեպքը տեղի է ունեցել Հայաստանի ոստիկանության բաժանմունքներից մեկում:

Ոստիկանությունը նաև հայտնել է, որ աղմկահարույց տեսանյութը արվել է շուրջ 10 տարի առաջ:

Այս թեմայով
am