Պետությանը պատճառված վնասի վերականգնումների վերաբերյալ դատախազությունը չունի պաշտոնական վիճակագրություն, իսկ Փաշինյանը պարբերաբար նույն թվերն է հրամցնում հասարակությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթներում բազմիցս անդրադարձել է իրավապահ համակարգի գործունեությանը, ընդգծելով, որ պետությանը պատճառած վնասի վերականգնման ցուցանիշներին նայելով՝ պարզ է դառնում, թե ինչ հսկայածավալ աշխատանք է կատարվել։ Ինչպես տնտեսական ցուցանիշներ հրապարակելիս, այնպես էլ պետությանը պատճառված վնասի վերականգնման ցուցանիշների մասին բարձրաձայնելիս վարչապետը, իհարկե, շտապում է և չի սպասում պաշտոնական վիճակագրությանը։

«Փաստինֆո»-ն պաշտոնական հարցումների միջոցով փորձեց պարզել, թե իրականում  2019 թվականին քննվող քրեական գործերով կամ նախապատրաստվող նյութերով որքան է կազմել պետությանը պատճառված նյութական վնասը և դրա որ մասն է վերականգնվել։ Ինչպես նաև  խնդրել էինք հայտնել, թե պետությանը պատճառված նյութական վնասի որ մասն է փոխանցվել պետբյուջե կամ տվյալ քննչական մարմնի դեպոզիտային հաշվին։

Այսպիսով Ազգային անվտանգության ծառայությունից տեղեկացնում են՝ 2019 թ.-ին քննվող քրեական գործերով պետության պատճառված նյութական վնասը կազմել է 7.316.796.453 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 1.905.430.965 ՀՀ դրամը։ Ընդ որում վերականգնված գումարից 1.678.445.197 ՀՀ դրամը մուտքագրվել է պետբյուջե, իսկ 226.985.768 ՀՀ դրամն այս պահի դրությամբ Գլխավոր դատախազության դեպոզիտային հաշվի վրա է։ Հետաքրքիրն այն է, որ  պետբյուջե վերականգնվել է մոտ 1.6 մլրդ դրամ, սակայն միևնույն ժամանակ ԱԱԾ-ն հայտնում է, որ վնասի վերականգնման հիմքով քրեական գործեր չեն կարճվել։ Նման պատասխանը, իհարկե, խնդրահարույց է, քանի որ պետբյուջե գումարը մուտքագրվելու դեպքում պետք է կա՛մ այդ վարույթում գտնվող քրեական գործերը կարճված լինեն՝ հիմնավորված համարելով պատճառված վնասի չափը եւ հիմք ընդունելով կամավոր վերականգնումը, կա՛մ լինի այդ գործով ուժի մեջ մտած դատական ակտ, սակայն ինչպես տեսնում ենք ԱԱԾ-ի պատասխանից, որևէ գործ չի կարճվել։

Ի դեպ, հատկանշական է նաև ԱԱԾ-ին փոխանցված կամավոր անհատույց գումարը. «Կամավոր անհատույց հանձնվել է՝ 1.443.834.016 ՀՀ դրամին համարժեք 3 մլն ԱՄՆ դոլար և 7.535.900.000 ՀՀ դրամ արժողությամբ Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը»։ Նկատենք նաև, որ ԱԱԾ-ից չեն պարզաբանում, թե ով է 3 մլն դոլարը կամավոր փոխանցել եւ ինչ է նշանակում անհատույց։ Ենթադրվում է, որ խոսքը գնում է երրորդ նախագահի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի կողմից նվիրաբերված գումարի մասին, այսինքն նախաքննական մարմինը չի կարողացել հիմնավորել, որ նրա գործողությունների հետեւանքով պետությանը պատճառվել է վնաս ու խնդրել են, որ նա գումար նվիրի պետությանը, կամ էլ՝ պարտադրել։ Ինչն արդեն պետական ռեկետի տարրեր է իր մեջ պարունակում եւ բացառված չէ, որ վաղը նա պարզապես հետ պահանջի իր գումարը։ Ինչ վերաբերում է Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի ընտանիքի կողմից նվիրաբերված Գոլդեն Փելես հյուրանոցի նվիրատվությանը, ապա այն արդեն արժեզրկվում է՝ մնալով անմխիթար վիճակում ։ Եւ այն վաճառելու համար պետությունը աճուրդի երկրորդ փորձն է կազմակերպել։

Հատուկ քննչական ծառայությունը  նախաքննության ընթացքում վերականգնված գումարից պետական բյուջե է փոխանցվել ընդամենը 29 մլն դրամ, թեեւ նշվում է, թե վերականգնվել է շուրջ 4 մլրդ։  Այսպես՝ ՀՔԾ-ից տրամադրած պաշտոնական տվյալների համաձայն՝ 2019 թվականի 11 ամիսների ընթացքում ավարտված քրեական գործերով պետությանը պատճառված գույքային վնասը կազմել է 2.552.441.193 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 427.536.136 ՀՀ դրամը, իսկ նախաքննությունը շարունակվող քրեական գործերով վերականգնվել է 3.859.399.269 դրամ. «Վերականգնված գումարներից  ՀՔԾ դեպոզիտ հաշիվ է մուտքագրվել 191.334.883 ՀՀ դրամ։ Հիշյալ ժամանակահատվածում ծառայության դեպոզիտ հաշվից որպես վնասի վերականգնում պետբյուջե է փոխանցվել 29.101.822 դրամ, որպես հարկային պարտավորությունների մարում՝ 1.698.016 դրամ»,-նշված է ՀՔԾ-ի պատասխանում։

Մանրամասները՝սկզբնաղբյուր կայքում 

Այս թեմայով
am