Երեկվա փակ հանդիպումն անցել է խիստ լարված և ծանր

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Պատգամավորները դժգոհ են մնացել երեկ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ հանդիպումից: «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով և մարդու իրավունքների ու հանրային հարցերով հանձնաժողովի պատգամավորների և Արտակ Դավթյանի հետ դռնփակ հանդիպումից:

Մեր տեղեկություններով՝ հանդիպումն անցել է խիստ լարված և ծանր: Բանն այն է, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ԱԺ պատգամավորներին է ներկայացրել բանակում մահացած զինվորների դեպքերը, իսկ երբ պատգամավորները բարձրացրել են պատասխանատուների հարցը, Դավթյանը կատարվածն իրենց բացթողումը չի համարել:

Եվ այս հանգամանքը ներկա պատգամավորների մոտ տարակուսանք է առաջացրել. ի վերջո, դեռևս 2019 թվականի հուլիսի 4-ին հաստատված կանոնադրության համաձայն՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն է պատասխանատու զորքի հետ կապված ցանկացած հարցի համար:

Եվ ավելին, կանոնադրության մեջ սահմանված Զինված ուժերի գլխավոր շտաբի նպատակներից մեկն էլ Զինված ուժերի անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստության և հայրենասիրական դաստիարակության, զինվորական կարգապահության ամրապնդման ապահովումն է:

Այսինքն՝ Գլխավոր շտաբը և անձամբ շտաբի պետը պետք է զբաղվեն նաև զորքի հետ տարվող աշխատանքներով, այնինչ երեկվա հանդիպման ժամանակ վերջինս ներկայացրել է այնպես, թե իրենք չեն պատասխանատուն, և իրենց մեղավորությունը չէ այս իրավիճակը:

Մենք տեղեկացանք նաև, որ հանդիպման ընթացքում Արտակ Դավթյանը դիմել է նաև պատգամավորներին, ասել, որ վերջիններս օգնեն իրենց և օրենսդրական նախաձեռնություններով հանդես գան առկա բացերը լրացնելու համար: Հավելենք, որ պատգամավորները ԳՇ պետին հարցրել են նաև հրաժարականների մասին. արդյոք ճի՞շտ են տեղեկությունները, որ Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը և ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանը ևս հրաժարական են տվել: Ի պատասխան՝ ԶՈՒ պետը ասել է՝ այո՛, նրանք պաշտոնից ազատվել են: Լրագրողների հետ զրույցում, սակայն, այլ բան ասաց։

Հավելենք, որ, մեր տեղեկություններով, կառավարությունից Դավթյանին հասկացրել են՝ եթե առաջիկայում կրկին թերություններ արձանագրվեն, ապա վերջինս պետք է ինքնակամ դիմում ներկայացնի և հեռանա առանց բացատրության։ Ըստ էության, պատգամավորները հստակ հասկացրել են, որ դժգոհ են Դավթյանից, և նրա օրերը հաշված են»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս թեմայով
am