Այլընտրանքային ճանապարh. Գյումրի-Արմավիրի անանցանելի հատվածը կհիմնանորոգվի

Գյումրի-Արմավիր 30 կմ երկարության հանրապետական ավտոճանապարհը վարորդներին ու շատերին հայտնի է տակի ճամփա անունով։ Սա համարվում է այլընտրանքային Գյումրի-Երևան ճանապարհին։ Վարորդներն այն նախընտրում են այն ժամանակ, երբ ձնաբքի կամ մերկասառույցի պատճառով դժվարանցանելի է դառնում Երևան-Գյումրի միջպետական ճանապարհը կամ շինաշխատանքներ են տարվում, թեկուզ, որ ճանապարհը երկարում է մոտ 20 կմ-ով ու անցնում Անիի տարածաշրջանի 7 գյուղերի տարածքով։

Այլընտրանքային  ճանապարհը, սակայն, արդեն վարորդների համար հուսալի չէ: Փոսերը սկսում են շատանալ ու մեծանալ ձմռանից հետո։ Ձյունառատ օրերը վերջին երկու տարում, թեև քիչ են, բայց անկախ տեղումների քանակից, ասֆալտաշերտը չի դիմանում։ 30կմ ճանապարհի ամենավատ վիճակում գտնվող հատվածը 8 կմ երկարության՝ Ղարիբջանյանից Բագրավան ճանապարհն է:

Գյումրի-Արմավիրը այլընտրանքային ճանապարհ է նաև ծանրաքաշ մեքենաների համար։ Առանց այն էլ ասֆալտաշերտից զուրկ ճանապարհը բեռնատարների պատճառով ավելի է վնասվում: 10 տարի առաջ Գյումրի-Արմավիր և Գյումրի-Երևան ճանապարհներն իրար կապող  հատվածը՝ Հոռոմի խաչմերուկից դեպի Գուսաննա գյուղ ասֆալտապատվել էր, հիմա դրանից գրեթե ոչինչ չի մնացել։

Որպես այլընտրանքային ու հանրապետական նշանակութան ճանապարհ՝ Գյումրի-Արմավիրը աշնանը ուսումնասիրությունների է ենթարկվել։ Շիրակի մարզպետարանի Տրանսպորտի և ճանապարահաշինության բաժինն աշխատանքները կատարել է համապատասխան  հանձնարարականով։ Արդյունքում՝ կազմվել է եզրակացություն, ըստ որի՝ ճանապարհի վիճակը շատ վատն է ու հետագա  շահագործման համար հրատապ է հիմնային նորոգումը:

Հիմնանորոգման ենթակա ճանապարհների ցանկում հայտնվել է մոտ 8 կմ երկարության ճանապարհը, որը Ղարիբջանյանից մինչև Բագրավան ամենավատ վիճակում գտնվող հատվածն է։ Հիմնանորոգման աշխատանքների համար պետական միջոցներից կուղղվի 991 մլն դրամ: Սա միակ կարևոր նշանակության ճանապարհը  չէ, որ Շիրակի մարզից ընդգրկվել է ճանապարհաշինական  ծրագիր։

Ճանպարհաշինության բաժնի պետը նշում է, որ Շիրակի մարզով անցնող կապիտալ նորոգման ենթակա թվարկված ճանապարհների շինարարության նախագիծ-նախահաշիվների վերջնական փաթեթները պատրաստ են, սպասում են շինմրցույթների արդյունքներին:

Այս թեմայով
am