Աշխարհում չկա մի սահմանադրական դատարան, որտեղ իշխանության հարց է լուծվել. Թոխյան

Վերջին 6 ամիսների ընթացքում մեր մասին ինչ ասես գրում են, օրենքն էլ մեզ արգելում է պատասխան տալ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը։

«Հեռուստացույցը միացնում ենք՝ մեզ հայհոյում են, անջատում ենք՝ հայհոյում են։ Պետք է հարգել պետական ինստիտուտը։ Մեր վիճակն էլ բարդ է, հաշվի առեք էլի։ Վերջերս կյանքից հեռացավ իմ գործընկերոջ մայրը, իմ մայրն էլ ծանր է։ Մենք էլ ընտանիքներ ունենք, հաշվի առեք, եկեք հարգենք իրար։ Մեղադրեք մեզ արած գործերի համար, ոչ թե «մատից ծծած գործերի» համար»,-ասաց նա՝ ընդգծելով, որ ՍԴ-ն բազմաթիվ դրական որոշումներ է կայացրել, որոնց մասին չի խոսվում։

«Մեզ կարելի է մեղադրել, որ մեր արած գործը ժողովրդին լավ ցույց չենք տվել։ Եթե մեր բոլոր գործերը բանավոր անեինք, դուք էլ ծանոթ լինեիք կայացրած որոշումներին, օրինակ, ինչի չեք խոսում այն լրատվամիջոցների մասին, որոնց մենք են փրկել սնանկացումից, այդ որոշման նախագծի վրա ես էլ եմ աշխատել։ Բայց ոչ ոք չի ասում, որ օրենքով շատ բարձր տուգանքներ կար և այդ հարցը մենք լուծեցինք, հիմա էլի վճարում եք, ուղղակի 10 անգամ քիչ, ոչ մեկ չի ասում, որ դա արել է ՍԴ-ն, ինչի՞ չեք ասում։ Մենք սեփականության իրավունքի հետ կապված Հյուսիսային պողոտայի հարցեր լուծեցինք, որոշ մարդիկ մինչեւ հիմա Հյուսիսային պողոտայի հաղթանակների հաշվին ապրում են։ Մի անգամ չասեցին, որ Եվրադատարանում հաղթել են, որովհետեւ ՍԴ-ն այդպիսի որոշում է կայացրել։ Եվրադատարանում մեր որոշումը թափ է տալիս հաղթում, գալիս էստեղ՝ մեզ փնովում, չի կարելի, էլի։ Վերջին 6 ամիսների ընթացքում մեր մասին ինչ ասես գրում են, օրենքն էլ մեզ արգելում է պատասխան տալ»,- ասաց ՍԴ դատավորը։

«Աշխարհում չկա մի սահմանադրական դատարան, որտեղ իշխանության հարց է լուծվել, ոչ մի տեղ չկա եւ չի էլ լինի։ Հարցը լուծվում է փողոցում, նոր միայն ՍԴ-ում, եթե լուծվում է։ Բոլոր դեպքում ոչ մի ՍԴ-ում համազգային իշխանության հարց չի լուծվում, թե չէ ՍԴ-ն հսկողության տակ կպահեին ու արդյունքի կհասնեին»,-ասաց Թոխյանը։

Այս թեմայով
am