Հանրապետությունում սուր շնչառական վարակների աշխուժացում է դիտվում

Վերջին օրերի ընթացքում իրականացվող ամենօրյա մշտադիտարկման արդյունքների համաձայն՝ հանրապետությունում դիտվում է սուր շնչառական վարակների աշխուժացում` թե´ ամբուլատոր-պոլիկլինիկական և հիվանդանոցային կազմակերպություններ դիմելիության առումով, թե´ շտապ օգնության կանչերում։

 Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանը:

Նրա խոսքով՝ համաճարակաբանական վերլուծությունների արդյունքները փաստում են, որ ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ դիմած շնչառական վարակներով պացիետների 72%-ը, իսկ ստացիոնար կազմակերպություններում 86,5%-ը կազմում են մինչև 18 տարեկան երեխաները:

«Հանրապետության մակարդակով կրթական կազմակերպություններում սուր շնչառական վարակներով բացակայությունը չի գերազանցում 11%-ը: Սուր շնչառական վարակներին բնորոշ երեխաների մուտքը կրթական հաստատություններ հնարավորինս բացառելու նպատակով ուժեղացվելու է «համաճարակային ֆիլտրի» իրականացումը: Ինչ վերաբերում է հանրապետությունում առկա գրիպի հարուցիչներին, ապա հարկ է նշել, որ փետրվար ամսում ստացիոնար հիվանդներից իրականացվել է 20 նմուշի լաբորատոր հետազոտություն ՀՀ ԱՆ

«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոն» ՊՈԱԿ-ի վիրուսաբանական լաբորատորիայում, որի արդյունքում հայտնաբերվել են գրիպ Ա H1N1 ենթատեսակ և գրիպ Բ տեսակի վիրուսներ: Սուր շնչառական վարակներով, գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու նպատակով՝ Առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում և հորդորում է գրիպանման երևույթների առկայության դեպքում մնալ տանը, չհաճախել աշխատանքի, բարձրագույն ուսումնական հաստատություն, դպրոց և մանկապարտեզ, չմասնակցել զանգվածային միջոցառումներին, որը կարող է պատճառ դառնալ հիվանդության տարածման ու նոր դեպքերի առաջացման, չշփվել գրիպով հիվանդ անձանց հետ: Գրիպով հիվանդը շրջապատի մարդկանցից պետք է պահպանի երկու մետր հեռավորություն, չզբաղվի ինքնաբուժմամբ, անհարկի չօգտագործի հակաբիոտիկներ և ժամանակին դիմի բժշկի: Պետք է պահպանել հազալու և փռշտալու կանոնները, խստորեն հետևել հիգիենային, հագնվել եղանակին համահունչ, հաճախակի օդափոխել փակ տարածքները»,- մասնավորապես ասել է Օ. Հարությունյանը:

Այս թեմայով
am