Ինչպիսի՞ն է ՀՀ իշխանությունների արձագանքը Ադրբեջանի ԶԼՄ-ներում հակահայկական հիստերիային. ԱԺ փոխնախագահի արձագանքը

Կարծում եմ՝ առայժմ վաղ է եզրակացություններ անելու համար. դժվար թե դա կարելի է մեկնաբանել որպես ադրբեջանական կողմի պատրաստ չլինելու հանգամանք: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց իշխող «Իմ քայլը» դաշինքից Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ադրբեջանի իշխանությունները անտեսում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ միջազգային միջնորդների կոչը ղարաբաղյան հիմնախնդրի լիարժեք լուծման համար հայերին եւ ադրբեջանցիներին խաղաղությանը պատրաստելու մասին՝ հաշվի առնելով այն, որ երկու երկրների ղեկավարների հանդիպումից եւ նրանց մասնակցությամբ հայտնի քննարկում-բանավեճից հետո Ադրբեջանի լրատվամիջոցները արդեն մի քանի օր մշտապես հրապարակում են հայատյաց բնույթի հոդվածներ՝ հասնելով ընդհուպ Փաշինյանին եւ նրա ընտանիքի անդամներին, մասնավորապես՝ որդուն ուղղված վիրավորանքների:

«Ես դա այսպես եմ մեկնաբանում. Ադրբեջանի իշխանությունները նման հոդվածներով փորձում են մեղմել այն տպավորությունը, երբ Ադրբեջանի նախագահը հայտնվեց բավականին անհարմար վիճակում: Կարծում եմ՝ որեւէ պետության ղեկավարի չպետք է քնարկել անձնական մակարդակում, քննարկել նրա ընտանիքի անդամներին: Դա վնաս է հասցնում այն մարդկանց, որոնք այդպիսի պատվեր են տալիս: Ադրբեջանի դեպքում, որտեղ փակվում են լրատվամիջոցներ եւ լրատվական կայքեր, որտեղ լրագրողներին հետապնդման են ենթարկում ու բանտարկում, ինչի մասին վկայել են նաեւ միջազգային կառույցները՝ համապատասխան հայտարարություններ կատարելով, նման պայմաններում ուղղակի ակնհայտ է, թե ով է այդպիսի պատվեր տվել։ Իմ ժպիտն է հարուցում այն, որ ադրբեջանական կողմն այս կերպ, ըստ էության, ընդունում է իր ոչ ձեռնտու դիրքը, որում եղել է վերջին բանակցությունների ժամանակ»,- ասաց Սիմոնյանը:

Հարցին՝ հնարավո՞ր չէր խուսափել Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանում վերջերս տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ, որոնք կարելի է շռնդալից ձախողում համարել նրա պատմության մեջ ընտրողների ամենացածր մասնակցության պատճառով, եւ Ալիեւի համար կարեւոր էր բնակչության ուշադրությունն այս ձախողումից տեղափոխել այլ թեմայի վրա, ԱԺ փոխխոսնակը նշեց, որ հայկական կողմը հանդիպումներից երբեք չի խուսափում, քանի որ թաքցնելու բան չունի:

«Հակառակը՝ մենք փորձում ենք հակամարտությունը խաղաղ ճանապարհով հնարավորինս արագ կարգավորել: Այս երեւույթներն Ադրբեջանում նորություն չեն եւ վերջինն էլ չեն լինի, բոլորս դրանում համոզված ենք: Ես սխալ եմ համարում գործընթացը կանգնեցնել եւ դրանով առիթ տալ, որ ադրբեջանական կողմը փորձի ելք գտնել եւ իր իրավիճակն արդարացնել որեւիցե այլ գործողությամբ»,- շեշտեց Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ քննարկմանը մասնակցելու հայկական կողմի որոշումը ճիշտ էր՝ հատկապես, եթե հաշվի առնենք այն փաստը, որ առաջարկված ձեւաչափը նրան միանգամայն  հարմար էր:

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ հայկական կողմի համար միանգամայն ընդունելի է հրապարակային, ժողովրդավարական գործունությունը եւ շփման հրապարակային ձեւը: «Սա ձեւ է, որի դեպքում դու հրապարակավ կարող ես քո դիրքորոշումն արտահայտել բոլորին, եւ մեզ համար դա լրիվ ընդունելի է, չնայած ես հասկանում եմ, որ այնպիսի փակ եւ ոչ ժողովրդավարական երկրի համար, ինչպիսին Ադրբեջանն է, դա այնքան էլ հեշտ չէ»,- ընդգծեց ԱԺ փոխխոսնակը:

Հարցին՝ Հայաստանի իշխանությունների համար կասկածելի չէ՞ այն փաստը, որ Իլհամ Ալիեւը, հաշվի առնելով իր համար նման անսովոր ձեւաչափը, այդպիսի հեշտությամբ համաձայնեց հանդիպմանը, փոխխոսնակը պատասխանեց՝ ոչ, քանի որ հայկական կողմի հրապարակայնությունն այս ձեւաչափում հարկադրող էր: «Մենք չպետք է մոռանանք, որ այս բոլոր բանակցությունները վարվում են ժողովրդավարական աշխարհում, որտեղ Մինսկի ձեւաչափի մեջ ներգրավված երկրները հավատարիմ են ժողովրդավարական երկխոսությանը: Իսկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է պարտադրել իր օրակարգը, ինչը եւս պակաս դեր չի խաղացել»,- ամփոփեց Ալեն Սիմոնյանը: 

Նշենք, որ Մյունխենում հանդիպումից անմիջապես հետո Ադրբեջանի պետական լրատվամիջոցներում, որոնք ուղղակիորեն ենթարկվում են երկրի նախագահ Իլհամ Ալիեւի աշխատակազմին, սկսվել եւ մինչ օրս շարունակվում է նոր հակահայկական խրախճանք: «Aztv» հեռուստաալիքը, պետական ռադիոն եւ «Ազերթաջ» պետական լրատվական գործակալությունը իրենց թողարկումներում եւ հրապարակումներում մշտապես պնդում են Փաշինյանի դեմ Ալիեւի «փայլուն հաղթանակի» մասին՝ չխորշելով Փաշինյանին եւ նրա ընտանիքի որոշ անդամներին, մասնավորապես՝ որդուն ուղղված անձնական վիրավորանքներից:

Այս թեմայով
am