«Նիկոլ Փաշինյանի ներկայացրած մոտեցումներն ունեին ինչպես ուժեղ, այնպես էլ թույլ կողմեր». Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջապես՝ Մյունխենի մասին...

Մյունխենի անվտանգության գագաթաժողովի շրջանակներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ շաբաթ օրը կայացած հանդիպումն արդեն իսկ արժանացել է ինչպես օբյեկտիվ գնահատականների ու քննադատությունների, այնպես էլ միակողմանի, անհիմն մանիպուլյացիաների ու շահարկումների։ Իրականում այդ միջոցառումը հայկական շահերի տեսանկյունից ուներ ինչպես ուժեղ, այնպես էլ թույլ կողմեր։ Նախ՝ հանդիպումն ինքնին նորություն էր ինչպես ձևի, այնպես էլ բովանդակության առումով։ Եվ այդքանով արդեն այն կարելի է իրավամբ պատմական համարել, քանի որ բանակցային գործընթացի ավելի քան քսանհինգամյա պատմության ընթացքում նման ձևաչափի միջոցառում տեղի չէր ունեցել։ Սա չափազանց կարևոր է նաև այն առումով, որ մենք երկարուձիգ այս տարիների ընթացքում տեսել ենք գործընթացներ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո, իսկ եթե դրանից դուրս տեղի են ունեցել ինչ-ինչ միջոցառումներ, ապա դրանք եղել են առավելապես ռուսական կողմի նախաձեռնությամբ ու հովանավորությամբ ու մեզ համար որևէ շահեկան արդյունք չեն ապահովել։ Այսպիսով, Մյունխենի անվտանգության գագաթաժողովն առաջին դեպքն էր, երբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հանրային քննարկում անցկացրին, որը լայնորեն լուսաբանվեց ինչպես երկու երկրների, այնպես էլ միջազգային լրատվամիջոցների կողմից։

Չափազանց կարևոր էր հանգամանքը, որ այդ հանդիպումը տեղի ունեցավ համաշխարհային անվտանգության ճարտարապետության մեջ կարևորագույն դերակատարում ունեցող Մյունխենի անվտանգության գագաթաժողովի շրջանակներում։ Դա առնվանզ անուղղակիորեն վկայում է այն մասին, որ ժամանակակից աշխարհը Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը դիտարկում է որպես ներկայիս անվտանգային համակարգի բաղկացուցիչ մաս։ Իսկ դա էլ իր հերթին վկայում է, որ աշխարհը հայկական կողմերի դերակատարումը, այդ թվում ու առաջին հերթին՝ ստատուս-քվոյի պահպանության իմաստով, համարում է որպես միջազգային անվտանգության համակարգում ունեցած կարևոր առաքելություն։

Եվ վերջապես՝ կարևոր է, որ երկու հակամարտող երկրների ղեկավարները, բացի փակ դռների հետևում հանդիպումներից, մասնակցեցին նաև հրապարակային քննարկման՝ ներկայացնելով մի կողմից՝ խնդրի կարգավորման իրենց մոտեցումները, մյուս կողմից՝ նաև իրենց «մերկությունը»՝ որպես բանակցողներ ու հակամարտության մեջ ներքաշված երկրների առաջնորդներ։

Ինչ վերաբերում է քննարկման բովանդակային մասին, ապա կոնկրետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած մոտեցումներն ունեին ինչպես ուժեղ, այնպես էլ թույլ կողմեր։ Ընդհանուր առմամբ Հայաստանի ղեկավարի ելույթի ամենաուժեղ կողմն այն էր, որ նա խնդրի կարգավորման վերաբերյալ ներկայացնում էր ավելի քան քառորդդարյա պատմություն ունեցող ու իրենց ոչ կենսունակությունն ապացուցած սկզբունքներից տարբերվող մոտեցումներ։ Ալիևը, ի հակադրություն Փաշինյանի, այդպես էլ դուրս չեկավ իր երկրի քարոզչական կլիշեներից, նա, ըստ էության, որևէ նոր մոտեցում չներկայացրեց։ Այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը բանակցային գործընթացում հեղափոխականության անհրաժեշտության մասին իր թեզով հստակորեն ամրագրեց, որ ազատագրված տարածքները մեզ համար անվտանգային նշանակություն ունեն, իսկ անվտանգությունը, ինչպես կարմիր թելով անցնում էր Հայաստանի ղեկավարի խոսքում, չեն զիջում։ Եվ չափազանց դրական պետք է համարել, որ այդ քննարկումից հետո Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց «մյունխենյան սկզբունքները», որոնք պարունակում են հայկական կողմի համար կենսական բոլոր, այսպես կոչված, «կարմիր գծերը»։ Նիկոլ Փաշինյանի ելույթը, իհարկե, ուներ նաև թերություններ, մասնավորապես խոցելի էին նրա խոսքի՝ պատմական էքսկուրսներին վերաբերող հատվածները։ Քննարկելի են նաև հանդիպման ընթացքում կիրառված լեզուն, բանախոսների մարմնի լեզուն, ժեստերը և այլն։ Սակայն դրանք բոլորը՝ փոքր, բայց կարևոր թերություններ լինելով հանդերձ, վճռորոշ չեն։ Էական է դեբատի կայացման փաստն ինքնին, որն անխուսափելիորեն ազդելու է բանակցային գործընթացիւ հետագա ընթացքի վրա»։

Այս թեմայով
am