Վայ այն պետությանը, որի ՍԴ-ն ձեւավորվում եւ գործում է քաղաքական շարժառիթներից ելնելով․ Գեւորգ Պետրոսյան

Սահմանադրական փոփոխություններից առաջ պետք է նախաձեռնող սուբյեկտը հանրությանը ներկայացնի հայեցակարգ, մարդիկ պետք է իմանան, թե Սահմանդրության այդ փոփոխություններն ուր են տանում իրենց, ուր են տանում պետությունը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։

«Սահմանադրական փոփոխությունները լրջագույն պետաիրավական միջոցառումներն են, որոնք պետք է ունենան թիրախ, հստակ ուղղվածություն, նպատակ։ Աննպատակ, մեկ անձի համար կամ հանուն մեկ անձի սահմանադրական փոփոխությունները մեր երկրի համար շռայլություն է։ «Բարգավաճ Հայաստանը» միաձայն քվեարկեց այդ հանրաքվեին չմասնակցելու համար, բայց այնպես չէ, որ մենք ընդդիմադիր ենք, ուրեմն ինքնին դեմ ենք այն ամենին, ինչն իշխանությունն առաջարկում է»,-նշեց նա։

Պատգամավորը շեշտեց՝ սահմանադրական փոփոխություններն «իրավական տեսանկյունից խոցելի են․ ««Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի, «Հանրաքվեի մասին» օրենքի բազմաթիվ դրույթներ անտեսվել են»։ Բացի այդ, անտեսվել են ԵԽԽՎ համազեկուցողների առաջարկը՝ դիմել Վենետիկի հանձնաժողովին։ Այսքանից հետո «Բարգավաճ Հայաստանը» ինչպես կարող էր կողմ քվեարկել կամ հանդես գալ «Այո»-ի շտաբում։ Մենք ոչ անհարկի իշխանության կողքը կանգնելու խնդիր ունենք, որ անհիմն ընդդիմություն ձեւանալու խնդիր»։

Պետրոսյանը հավելեց՝ իրենք հեռու են մնում իրավական հեռանկար չունեցող միջոցառումներից․ «Իշխանությունն ինքը տարբեր մակարդակներից, բացեիբաց հայտարարել է, որ ՍԴ-ի խնդիրն իրենց համար ունի քաղաքական բովանդակություն, հիմա եթե իրենք ասում են, որ այդ խնդիրն ունի քաղաքական բովանդակություն, այսինքն իրենք այստեղ ոչ թե իրավական խնդիր են լուծում, այլ քաղաքական։ Ես ասել եմ՝ վայ այն պետությանը, որի ՍԴ-ն ձեւավորվում եւ գործում է քաղաքական շարժառիթներից եւ շահերից ելնելով։

Մենք որեւէ մեկի նկատմամբ ուղղակի կամ անուղղակի ճնշում կամ բոյկոտ չենք իրականացնելու, մենք ընդամենը հեռու ենք մնում իրավական հեռանկար չունեցող միջոցառումներից, որը համեմված է քաղաքական տարրերվ»։

Նա նաեւ շեշտում է՝ այնպես չէ, որ արդարադատության համակարգում ամեն ինչ կարգին ․ Այնպես չէ, որ ժողովուրդը վստահում է դատական համակարգին, բայց ամեն ինչ պետք է օրենքի շրջանակում անել։ Մենք ոչ «Ոչ» ենք քարոզելու, ոչ «Այո»»։

Այս թեմայով
am