ԿԸՀ-ն «Ոչ» քարոզչական կողմ գրանցելու դիմում է ստացել

Քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ առավոտյան ժամը 9:13-ին ԿԸՀ-ն «Ոչ» քարոզչական կողմ գրանցվելու դիմում է ստացել:

Ավելի վաղ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը տեղեկացրել էր, որ 61 իրավաբաններ նախաձեռնել են ապրիլի 5-ին նշանակված Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «ՈՉ»-ի հանրային պաշտպանությունը: Այսօր նա հրապարակել է նախաձեռնող խմբի առաջին տասնյակը. Ռուբեն Մելիքյան, Գոհար Մելոյան, Արսեն Բաբայան, Էլինար Վարդանյան, Տիգրան Աթանեսյան, Աստղիկ Մաթևոսյան, Արտակ Ասատրյան, Սիրանուշ Սահակյան, Անահիտ Սարգսյան, Արսեն Մկրտչյան։

Ինչ վերաբերում է «Այո»-ին, արդեն հայտնել էինք, որ քարոզչության կողմ պատգամավորների ցանկում ներառված է «Իմ քայլը» խմբակցության 44 պատգամավոր՝ Մխիթար Հայրապետյանը, Տաթևիկ Հայրապետյանը, Հակոբ Սիմիդյանը, Լիլիթ Մակունցը, Հրաչյա Հակոբյանը, Արսեն Ջուլֆալակյանը, Ռուբեն Ռուբինյանը և այլք: «Այո»-ի շտաբը ղեկավարելու է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Խորհրդարանական ընդդիմությունն անմասն է լինելու քարոզարշավից:

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին:

Այս թեմայով
am