Խոջալուի մասին Մութալիբովի հարցազրույցն իրական է, Դանա Մազալովան վերահաստատում է, Ալիևը՝ ստում

 Խոջալուի դեպքերի մասին Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի հետ հայտնի հարցազրույցի հեղինակ՝ «Նեզավիսիմայա գազետա» թերթի թղթակից Դանա Մազալովան վերահաստատում է՝ տպագրվածն ամբողջովին համապատասխանում է Ադրբեջանի նախկին նախագահի խոսքին, որքան էլ ներկա նախագահ Իլհամ Ալիևը փորձի հերքել այն: Այս մասին հայտնում է «Արմենպրեսը»:

Լրագրողն ափսոսում է, որ տեխնիկական հնարավորություններից ելնելով չի կարողացել պահպանել ձայնագրությունները, քանի որ դրանք արվել են ձայներիզների վրա, որոնք, հնարավոր է, վերաձայնագրված լինեն:

«Չկար համացանց, չկային համակարգիչներ, բայց ես հաստատում եմ, որ այն, ինչ գրել եմ, Այազ Մութալիբովն ասել է, այնտեղ որևէ բան չի հնարվել: Նա կարող է ինչպես ուզում է հերքել այն, սակայն այն ժամանակ նա դա ասել է, ինչպես տպագրված է «Նեզավիսիմայա գազետա» թերթում: Այդ թերթի օրինակը ես ունեմ, համացանցում էլ է հասանելի` Այազ Մութալիբովը դա ասել է»,- ասել է Մազալովան, ով միակն է եղել, ում Մութալիբովը բացառիկ հարցազրույց է տվել նախագահի պաշտոնը թողնելուց մեկ ամիս անց:

Մազալովան Խոջալուի ողբերգության պատմությանը ծանոթացել է անձամբ բացառիկ կադրեր վավերագրած կինոօպերատոր Չինգիզ Մուստաֆաևի տեսանյութերից: «Չինգիզը, ում հետ ծանոթացել էինք Կիսլովոդսկում, իր բնակարանում պատմեց ինձ, թե ինչպես էին այդ մարդկանց սպանում, վնասում էին ծնկները, որպեսզի նրանք չկարողանան գնալ: Ծնկները… մարդու մարմնի վրա ամենացավոտ տեղը: Հաջորդ օրը ես պայմանավորած էի հարցազրույցի համար Մութարիբովի հետ: Ես չէի կարող նրան չհարցնել, թե ինչ եմ տեսել Չինգիզի նկարահանած կադրերում: Միայն թե չասացի իմ ընկերոջ՝ Չինգիզի անունը, որպեսզի նրան չվնասեմ: Երկու ամիս հետո Չինգիզին սպանեցին…»,-ցավով հիշում է լրագրողը:

Նա ներկայացրեց ևս մեկ սարսափելի փաստ, որը ֆիքսել է անգամ 1992 թ. մարտին ԵԱՀԽ Նախարարների խորհրդի գործող նախագահ Իրժի Դինստբիրի կողմից իրականացվող ԵԱՀԽ միջնորդական առաքելությունը. չհուղարկավորված և նեխած մարմիններ. Խոջալուի դեպքերը տեղի էին ունեցել փետրվարի վերջին, իսկ մուսուլմանական կարգի համաձայն` մահացած մարդուն պետք է հուղարկավորել մինչև երկրորդ օրը:

Հայտնի է, որ մարդկանց մարմիններ հայտնաբերվել են Աղդամի ադրբեջանական ստորաբաժանումների՝ «ժողովրդական ճակատ»-ի վերահսկած դիրքերի դիմաց, ինչը երևում է Մուստաֆաևի փետրվարի 28-ի նկարահանումից։ Չինգիզ Մուստաֆաևը միջադեպի վայրում ևս մեկ նկարահանում է իրականացրել մարտի 2-ին։ Ինչպես պարզ է դարձել երկու նկարահանումներից, ինչի մասին նշել է նաև հեղինակը, դիակները տեղափոխված են եղել, առաջին նկարահանմամբ երևում են դիակներ, որոնք երկրորդ տեսանյութում արդեն ենթարկվել են խեղումների, հանվել է գանգամաշկը, կատարվել են դիակների այլ պղծումներ։ Սակայն, հատկանշական է, որ փետրվար 28-ի նկարահանման ընթացքում միջադեպի վայրում շրջել են ադրբեջանցի զինծառայողներ, որոնք էլ տեղաշարժել են դիակները։

«Ես ինձ շատ մեղավոր եմ զգում, որ չեմ վերցրել և պատճենել այդ կադրերը: Մինչև հիմա խիղճս տանջում է: Հասկանում եք՝ Մութալիբովի հետ հարցազրույցն այդ տեսանյութերի և Չինգիզի հետ խոսակցության արդյունքն էր»,- նշել է Մազալովան:

«Արմենպրես»-ի թղթակցի ճշտող հարցին՝ ինչպես եք վերաբերում այն փաստին, որ Ադրբեջանի նախագահը Մյունխենի անվտանգության համաժողովի հրապարակային ամբիոնն օգտագործեց հերքելու Մութալիբովի խոսքերը, Մազալովան ընդգծել է. «Ես կպատասխանեմ այսպես. գիտենք` Թուրքիան էլ մինչև հիմա հերքում է Հայոց ցեղասպանությունը: Եվ վերջ»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Այս թեմայով
am