Երազանքների ՍԴ ունենալու ճանապարհին ինչ գին կվճարի Հայաստանը

Այսօր մեկնարկում է սահմանադրական փոփոխությունների քարոզարշավը։ Այն կշարունակվի մինչեւ ապրիլի երեքը։ Սա գործող իշխանությունների թեզանիքում եղած թերեւս վերջին հաղթաթուղթն է, որը կփորձեն օգտագործել ՍԴ-ի ներկա կազմին եւ հատկապես Հրայր Թովմասյանին չեզոքացնելու համար։ Կստացվի թե ոչ այս խաղաքարտով հարցը լուծել, թե այլ սցենարներ էլ կգործարկվեն, դժվար է ասել։

Սակայն պարզ է այն, որ իշխանությունները մտասեւեռված են գրպանային ՍԴ ունենալու մեջ եւ դա իրենց պետք է օդ ու ջրի պես, որովհետեւ ինչպես Մյունխենյան հայտնի բանավեճը ցույց տվեց, Ղարաբաղյան կարգավորման պրոցեսում ինչ որ տեկտոնիկ տեղաշարժեր կան եւ հնարավոր է այս հարցով միջազգային պայմանագիր կամ համաձայնագիր ստորագրելու կամ պլեբիսցիտի հարց առաջանա եւ գրպանային ՍԴ-ն պետք է գալու այդ ամենը լեգիտիմացնելու համար արդեն որպես բարձրագույն դատական իշխանություն։

Հետաքրքրական է այն, որ եվրոպական կառույցների արձագանքները, նույնիսկ ակնհայտ խախտումների մասով, թեեւ կոշտ էին, սակայն հետեւողական չէին, որպեսզի ստիպեին Հայաստանի իշխանություններին հետքայլ անելու։ Սա կարող է հուշել, որ ամենայն հավանականությամբ գործարք այնուհանդերձ Հայաստանի իշխանությունների եւ եվրոպական կառույցների միջեւ կայացել է։ Ուստի կարեւոր է իմանալ, թե որն է լինելու այդ գործարքի գինը։

Միջազգային ասպարեզում Հայաստանի առաջ երեք լուրջ մարտահրավեր կա հիմա՝ Ղարաբաղյան հակամարտություն, Ամուլսարի հանքի շարագործում եւ Ստամբուլյան կոնվենցիա։ Երեքի դեպքում էլ եվրոպական կառույցները կամ արեւմտյան վերնախավը որոշակի հետաքրքրություններ ունի։

Ու երեքի դեպքում էլ կարող է աչք փակել սահմանադրական փոփոխությունների վրա, ու հետո Հայաստանի իշխանություններին այսպես ասենք՝ սեղմել պատին ու հիշեցնել, որ աչք փակելու համար պետք է վճարել։ Կա ինչ որ բան, որ մեր իշխանությունները մինչեւ վերջ չեն անկեղծանում ժողովրդի հետ եւ չեն ասում, բայց իրենք էլ են մտահոգված, որովհետեւ, եթե օրինակ ապրիլի հինգին չհաղթի «ԱՅՈ»-ն կամ մասնակցությունը բավարար չլինի, հնարավոր է ենթադրյալ գործարքի թարմացում լինի ավելի ծանր պայմաններով։

politik.am

Այս թեմայով
am