Տվել ենք իշխանություն, գնա աշխատի, հաղթահարիր ներքին վախերդ ու բարդույթներդ. Արթուր Ղազինյան

Համաշխարհային պատմության մեջ տեղ գտած բոլոր ոճրագործությունները, ցեղասպանությունները, պատերազմները, մարդայինության դեմ հանցագործությունները հիմնականում կատարվել են բարձր ժողովրդականություն ունեցող առաջնորդների հրահագով՝ հանուն ԺՈՂՈՎՐԴԻ եւ ԺՈՂՈՎՐԴԻ անունից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Այդ դաժան դիկտատորները, բռնակալները, միապետերը, զինվորականները եւ քրմապետերը իրենց նույնացրել են ԺՈՂՈՎՐԴԻ հետ, ինքնահռչակվել ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՅՐ, Աստծո ներկայացուցիչը երկրի վրա:

Ժամանակակից ժողովրդավարությունը քիչ առնչություն ունի անմիջական ժողովրդավարության հետ, քանի որ հիմնված է ներկայացուցչական ժողովրդավարության, ինստիտուցիոնալ համակարգի, սկզբունքների, արժեքների եւ իդեալների, զսպումների եւ հակակշիռների, իրավունքի գերակայության եւ օրենքի առջեւ բոլորի հավասարության, մարդու եւ քաղաքացու հիմնարար ազատությունների եւ իրավունքների վրա, որոնք սահմանափակված են պարտականությունների եւ պատասխանատվության համարժեք չափաբաժնով:

Իրական ժողովրդավարություններում ժողովուրդը ձեւավորում է իշխանություն, եւ գնում իր առօրյա կյանքով ապրելու, իսկ այդ իշխանությունը ֆիքսված ժամկետում հանձն է առնում իրականացնել իր նախընտրական խոստումները՝ հաջորդ ընտրություններում կրկին վստահություն հայցելու համար: Ժամանակակից ժողովրդավարություններում մարդիկ ենթարկվում են ինստիտուտներին եւ համակարգերին, այլ ոչ թե դրանք հարմարեցնում իրենց ճաշակին եւ քմահաճույքներին:

«Նոր Հայաստանի» իշխանական երիտասարդների պատկերացումները ժողովրդավարության մասին մնացել են 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի սկզբների ժամանակներում, երբ «ժողովրդի» անունից կարելի էր վերացնել մի ամբողջ ռասսա, էթնոս, ձեւավորել անձի պաշտամունք եւ համազգային երկրպագման ծեսեր հորինել՝ «ԺՈՂՈՎՐԴԻ ՀՈՐ» կերպարը շարքային մահկանացուների մտքում եւ հոգում վառ պահելու համար:

Սա խիստ վտանգավոր երեւույթ է եւ Հայաստանի ժողովուրդը պետք է իր կոշտ դիրքորոշումն արտահայտի եւ խիստ գնահատական տա իշխանությունների անպատասխանատու վարքագծին՝ մերժելով արհեստական հանրաքվեն, ասելով. տվել ենք իշխանություն, գնա աշխատի, հաղթահարիր ներքին վախերդ ու բարդույթներդ, գտիր քո մեջ համարձակություն եւ իրագործիր որոշումներդ՝ առանց տեղի ու անտեղի «ժողովրդի» վրա հղում անելու»:

Այս թեմայով
am