Ամերիկացի դիվանագետները հաճախ են հանդիպում Ադրբեջանից եկած հայ փախստականների հետ. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Հունվարի 29-ին Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիտցենբերգը սեփական նախաձեռնությամբ Բաքվում հանդիպել էր այսպես ասած «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ղեկավար Թուրալ Գյանջալիևին:

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Գյանջալիևը դեսպանին էր փոխանցել այդ կառույցի հիմնական ցանկություններն ու պահանջները, մասնավորապես, իրենց ձևակերպմամբ «իրենց տարածքները վերադառնալու, խախտված իրավունքները վերականգնելու» վերաբերյալ:

Tert.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն՝ վերոբերյալ հարցերի շուրջ պատասխաններ ստանալու նպատակով. «Արդյոք ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին պատրաստվո՞ւմ է հանդիպել Արցախի Հանրապետության ներկայացուցիչների՝ նախագահի կամ Արցախի այլ ներկայացուցչի հետ, ինչպես նաև արդյո՞ք նախատեսվում է հանդիպում Շահումյանի, Գետաշենի հայ փախստականների հետ»:

Հարցմանն ի պատասխան՝ ԱՄՆ դեսպանատնից հայտնել են. «Ամերիկացի դիվանագետները ժամանակ առ ժամանակ հանդիպումներ են ունենում Ադրբեջանից եկած հայ փախստականների հետ, իսկ փախստականներին դեսպանատունն աջակցում է Ջուլիա Թաֆթի ծրագրի միջոցով։ Դեսպան Թրեյսին Հայաստանի տարբեր վայրերում հանդիպել է տարբեր մարդկանց հետ՝ ավելի լավ պատկերացում կազմելու այս երկրի մարդկանց համար կարևորություն ներկայացնող հարցերի շուրջ և հետաքրքրված է Հայաստանի մասին իր գիտելիքների հետագա խորացմամբ»:

Այս թեմայով
am