«Մեր բանակը մեր երիտասարդ զավակն է, որի համար պետք է հոգալ ամեն վայրկյան»: Գևորգ Մխեյան

«Մեր բանակը մեր երիտասարդ զավակն է, որի համար պետք է հոգալ ամեն վայրկյան»:   Meganews.am-ը  Հայոց Բանակի այս պատմականը օրը զրուցեց  Գեղարքունիքի մարզի  Մարտունու  տարածաշրջանի  զինկոմ գնդապետ՝  Գևորգ Մխեյանի հետ:

1992 թվականի հունվարի 28-ին շրջադարձային պատմական որոշմամբ՝ «ՀՀ Պաշտպանության նախարարության մասին» ՀՀ Կառավարությունը սկիզբ  դրեց Հայոց Բանակի՝ կանոնավոր պաշտպանական զորքի կազմակերպմանը:  Այդպես ուղակի և անուղակիորեն հայտարարվեց, որ երկրի դժվարին այդ տարիներից սկսած և այդուհետ, առաջնահերթ են համարվելու մարտունակ բանակով անկախության պաշտպանության և անվտանգության երաշխիքները:

Անտարակույս, Հայոց Բանակի կայացման ակունքներում էր Մեծն Սպարապետ Վազգեն Սարգսյանը: Այսօր արդեն մեր Բանակը տոնում է իր 26 –ամյակը, ի՞նչ եք կարծում, որքան հեշտ տրվեց մեզ այս մեծագույն ձեռքբերումը:

-- Կարծում եմ ոչ մի լավ բան հեշտ չի կարող տրվել, առավել ևս բանակի նման արժեքը: Մեր Բանակը անցել է դժվարին ուղի: Համոզված եմ իմ հասակակիցները և ավելի ավագ սերնդի զինվորականները շատ լավ հիշում են այյդ անասելի ծանր տարիները ու ես չէ, որ պիտի նոր բացահայտեմ այդ ուղին: Այդ առումով, ընդամենը ուզում եմ իմ շնորհակալանքի ու խորին հարգանքի խոսքերն հնչեցնել մեր զինվորական ավագ սերնդի արժանապատիվ բոլոր ներկայացուցիչներին: Քանզի իրենց կյանքի գործով ապացուցել են, որ նույնիսկ բոլոր առումներով այդ ծանրագույն տարիներին հնարավոր էր իրագործել մի ազգի երազանք, քանզի մեծ նպատակ են ունեցել, ունակություններ, անտրտում ջանքեր գործադրել ու մեզ փոխանցել իրենց ձեռքբերածը: Անվանական չեմ շեշտում, որովհետև ցանկը մեծ կլինի ու արժանի են բարձրաձայնվելու բոլորի անունները՝ ղեկավարներից մինչև շարքայիններ: Իսկ ապրիլյան քառօրյայից հետո այդ ցանկը համալրվեց նոր հերոսներով:

Այսինքն ձեր սերնդից, ներկայիս ղեկավարությունից հասնում է միայն պատրաստին պահպանե՞լ:

-- Իհարկե, ո՛չ: Ինչպե՞ս կարող եք նման բան ասել: Մեր բանակը մեր երիտասարդ զավակն է, որի համար պետք է հոգալ ամեն վայրկյան: Այն ինչը չես խնամում՝ սնում, ջրում, զարգացնում, կատարելագործում, բազմազանացնում  և այլն, անտարակույս բռնում է քայքայման ուղի: Մեր բանակը ու մեր պետությունը դեռ շատ երիտասարդ են ու մենք բոլորս դեռ դրանք առավել հզորացնելու ոչ պակաս ճակատագրական ու դժվարին ուղի ունենք: Մոտ առջևում են պետական կառավարման նոր կարգերով, բանակի գաղափարական ընկալման նորամուծություններով աշխատելու տարիները: Ու դա ևս հեշտ չի լինելու: Եթե կյանքի և մահու ակնհայտ կռվի պայմաններում մեր ազգը, ինչպես ցույց տվեց փորձը, մի բռունցք է դառնում, ապա ավելի խաղաղ պայամններում այդ խթանիչ ուժ-գործոնը սովորաբար պակասում է: Ինչը թելադրում է նոր անելիքներ: Բայց, նկատեք խնդրեմ, որ դա լավ է, քանզի տարակարծությունները միայն մասնագիտական ու քաղաքացիական հասարակությունում ակտիվ քննարկումներով են դառնում մեկ միասնական գաղափար, կարծիք, որոշում և օրենք: Անձամբ ես ի պաշտոնե, կատարող եմ, կազմակերպիչ…, բայց միևնույն ժամանակ չեմ կարող չնշել, որ ուրախ եմ ու հպարտ, որ մեր՝ զինակոչիկի, բնակչության, արդեն զինվորի ու պայմանագրային զինծառայողի, սպաների և առհասարակ, բոլոր զինվորականների հետ աշխատողներիս տարիների փորձով ու մասնագիտական ունակություններով կոփված միտքը արտահայտվում է առաջարկություններով, որոնք հաշվի են առնվում վերադաս մարմիններում, քանզի այսօր մենք անցնում ենք մեր բանակի գաղափարային ընկալման համար անցումային փուլ: Ու այդ ամենը արվում է հանուն մեր այսօրվա ու վաղվա յուրաքանչյուր Զինվորի, հանուն մեր սիրելի Հայրենիքի, հանուն մեր հպարտության՝ Հայոց հաղթանակած ու հզոր Բանակի առավել հզորացմանը: Անկեղծ ասած այլ ելք չունենք էլ, չմոռանանք մեր սահմաններում տարիներ շարունակ տիրող անկայուն իրավիճակը: Չէ որ մեր զինվորականները՝ մեր որդիներն են, մեր եղբայրների, մեր հարազատ-արյունակիցների, մեր մերձավորների որդիները, մեր լույսը, մեր հույսը, մեր հավատը, մի թե այդ ամենը մոռանալ, ու նրանց համար չգործելը հնարավոր է:

Այսօր տոն է և մենք ազգովի ուրախանում ենք ու աղոթում մեր յուրաքանչյուր զինվորի համար, բայց միևնույն ժամանակ տեսնում ենք չլուծված խնդիրներ:

--  Իսկ ինչու՞ եք կարծում, որ դրանք չի տեսնում ու չի ուզում լուծել բանակի ղեկավարությունը: Մի մոռացեք, որ Բանակը այն միավորը չէ, որի ամեն ինչի մասին կարելի է, պետք է կամ արժե խոսել միշտ, բարձրաձայն ու բոլոր մանրամասներով: Չէ որ ամեն բան բացահայտելով մեր հանրության առջև, խոցելի ենք դառնում թշնամու առումով, չէ որ այդպես նրանք ևս հեշտությամբ տիրապետում են ներկայացված տեղեկություններին: Եվ ուրեմն, ես բոլորին կխնդրեի ավելի զուսպ և կշռադատված արտահայտվել մեր պաշտպանության թեմաներով, տողատակերում տեսնելով միայն մեր ազգի ու պետության շահը, այլ ոչ թե որպես կանոն հնչեցվող պատճառաբանությունները ու հիմնավորումները: Կարծում ե՞ք այսօր, այս զրույցում ես չէի կարող խոսել փաստերով, հոդվածներով ու առաջադրված բոլոր մանրամասներով: Իհարկե ֆիզիկա-մտավորապես կարող էի, բայց սուբորդինացիան հատկապես ուժային, պաշտպանության կառույցներում անհրաժեշտ է պահպանել անկախ քեզ սադրողների ջանքերից, ինչպես երբեմն վարվում են որոշ լրագրողներ: Այնպես որ համաձայնեցի հարցազրույցին միայն ցույց տալու, որ խուսափելու առիթ չունեմ, պարզապես հարցերը ավելի շուտ պաշտպանության քաղաքականություն մշակողներին են վերաբերվում, ուրեմն և ես չէ, որ պիտի դրանց հստակ պատասխաններ տամ: Իմ կարծիքները, իմ ենթակաների առաջարկները և անհրաժեշտ այլ տեղեկությունները ես ակտիվորեն հայտնում եմ պահպանելով ղեկավարության հետ առնչվելու զինվորականի պատշաճ գործելակերպը: Ես աշխատում եմ, ոչ թե տեսանելի դարձնելու համար իմ աշխատանքը, այլ աշխատում եմ օրենքի շրջանակում իմ խղճի հանգստության համար, չէ որ այն առնչվում է մարդկային կյանքերի ու պետության ճակատագրի հետ, ուրեմն պարտավոր ենք յուրաքանչյուրս մեր լուման ներդնել հանուն նրանց պայծառ ապագայի:

 Այդ դեպքում նշեք խնդրեմ մի քանի ծրագիր, որոնց շրջանակում աշխատում եք այժմ, որպեսզի մեր ընթերցողն էլ կարծիք կազմի, թե ինչ աշխատանքեր են ընթանում զինկոմիսարիատների առօրյայում:

 -- Օրինակ «Ես եմ» ծրագիրը, որը բացի բոլորին արդեն հայտնի առանձնահատկություններից, ուսումնական փուլից հետո ծառայության ընթացքում և հետագայում պահեստազորի Բանակին տալիս է պատրաստի մասնագետներ: Իսկ մենք բանակում դեռևս ունենք դեֆիցիտային մասնագիտություններ, ի դեպ, այդ պակասը լրացնելու առումով ևս ունենք առաջարկի նախագիծ: Միևնույն ժամանակ ընթանում է զինկոմիսարիատների խոշորացման ծրագիրը, որը արդեն մեր կազմակերպչական աշխատանքին է վերաբերում անմիջականորեն, ու գիտակցելով պարտականությունների ու մեր հանդեպ պահանջների ավելացումը, մենք պատրաստ ենք հարթել նաև այս ճանապարհը, քանզի մեր պետության համար այսօր կա նաև դրա պահանջը: Ինչ վերաբերում է զինվորների հավաքագրման գործընթացին, ապա այսօր դեռևս ձմեռային զինակոչի փուլում ենք ու հավաքագրում են բոլոր նորմատիվներին համապատասխան զինակոչիկների քանակը: Բայց այստեղ մի խոսք պիտի ուղղեմ բոլոր ծնողներին ու դեռահասներին: Կարևորեք ձեր առողջությունը բոլոր տարիքներում ու դեպքերում, քանզի ձեր որդիները ձեր օրինակն են սովորում, սովորեցրեք նրանց պահպանել ու շարունակ բարելավել առողջությունը, ոչ միայն բանակի, այլև իրենց ամբողջ հետագա կյանքի համար: Չնայած, զինվորին ամեն ինչ սովորեցնում են նաև ծառայության ընթացքում, բայց իհարկե, ավելի լավ է ժամանակին՝ վաղ սովորեցնել այդ տարրական հմտությունները, և անշուշտ հարկ կա օգտվել առողջության վերականգնման պետության ընձեռած հնարավորություններից:  Չնայած , որ ես հասկանում եմ թե որքան դժվար է հիմա հեռավոր մարզային գոտիների ոչ այնքան լավ ապահովվածների առօրյան: Ինչևէ, մեր աշխատանքները շատ են, բազմազան, բազմաբնույթ ու բոլորն էլ հրատապ են: Կարողանում են հաջողված գործել հիմնականում շնորհիվ մեր զինկոմիսարիատում ձևավորված աշխատանքային լավ ավանդույթների՝ փոխզիջման, փոխըմբռնման, փոխադարձ հարգանքի: Շնորհակալ եմ նաև իմ թիմից, իրենց աշխատանքի համար:

 Շնորհավորում եմ բոլորիս համար առաջնահերթ կարևորության՝ Հայոց Բանակի տարեդարձը, մաղթում եմ հաղթանակներ: Հայոց բանակի ծնունդը մեր ժողովրդի հավաքական կամքի, ուժի, նվիրվածության, հայրենասիրության արգասիքն է։ Եվ Հայոց բանակում ծառայելը յուրաքանչյուր հայ երիտասարդի պատվի գործն է:

Այո, թերևս չեմ կարող չհամաձայնել զրուցակցիս հետ: Բանակը յուրահատուկ պատվար է, որին ոչ միայն պիտի հավատաս, այլև պիտի ապավինես։

Այսօր մեր բանակը մեր հավատն է, մեր հպարտությունը, մեր գոյատևման գրավականը, ապագայի հանդեպ մեր հավատի ու լավատեսության առաջին երաշխիքը: Մենք այսօր հաղթահարում ենք բոլոր դժվարությունները, առաջ ենք գնում, չենք կոտրվում, ընկճվում, քանի որ ֆիզիկապես պաշտպանված ենք սեփական երկրում՝ շնորհիվ ուժեղ ու մարտունակ ազգային բանակի։

Մեր ժողովուրդը միշտ բանակապաշտ է եղել ու սիրել է իր զինվորին։ Մի բան եմ ուզում՝ ավելի շատ սեր ու ջերմություն տանք հայ զինվորին, ավելի հոգատար և ուշադիր լինենք։ Քանզի մեր սերը նրանց կդարձնի ավելի հայրենասեր, ազգապաշտ, խիզախ ու անձնվեր:

 

Այս թեմայով
am