«Այս արարքը սրբապղծության ամենացածր մակարդակն է». Գագիկ Համբարյանը՝ «Իմ քայլի» ավագանու անդամի գրառման մասին

 

Երեկ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը Facebook-ի «stories» բաժնում տեղադրել էր Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դստեր ֆեյսբուքյան էջը՝ գրելով. «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հրատապ նիստ է գումարել հարցը քննարկելու համար:

Թեմայի շուրջ MegaNews.am-ը զրուցեց քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ:

«Սա բարոյականության ամենացածր դրսևորումն է, որին մենք ականատես եղանք վերջին շրջանում: Այս մեկ տարի իննը ամսվա ընթացքում «Իմ քայլը» դաշինքի շատ պատգամավորներ, ինչպես նաև ավագանու անդամներ տարատեսակ բաներ էին արել, բայց այսպիսի ցածրակարգ արարքի մենք դեռ չէինք հանդիպել: Սա ևս ցույց է տալիս, թե ինչ բարքերի մարդիկ են գտնվում պարոն Փաշինյանին սատարող քաղաքական ուժի մեջ: Որքան էլ մենք ձգտենք արևմտյան արժեքներին, որտեղ ընտանիքին շատ քիչ տեղ է հատկացվում, այնուամենայնիվ մեզ մոտ ընտանիքը շարունակում է մնալ սրբություն և անձեռնամխելի է:

Այս արարքը սրբապղծության ամենացածր մակարդակն է: Մենք շատ սխալ ուղղությամբ ենք գնում, որ քննարկում ենք, թե այդ «զինվորիկը» ինչեր է անում, ինչեր է իրեն թույլ տալիս: Ինձ ամենակարևոր հարցն է հետաքրքրում, 2018 թվականին Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ այդ 19 տարեկան տղան ինչ ձեռքբերումներ էր ունեցել, որ հայտնվել էր Երևանի ավագանու ցուցակում և ավելին՝ ընտրվել է ավագանի: Հարցը այստեղ այն է, թե ով է այդ սրբապղծին դարձրել մեկ միլիոնից ավել բնակչություն ունեցող քաղաքի ավագանու անդամ: Նա այդ ժամանակ նույնիսկ կրթություն էլ չի ունեցել:

Այս անբարոյական մթնոլորտով, որը ստեղծվել է ներկայիս իշխանությունների թեթև ձեռքով, մենք ուր ենք գնալու: Մենք կարևոր հարցերը թողած նման բաներ ենք մեկնաբանում:

Ես հույս ունեմ, որ պարոն Փաշինյանի կուսակցությունը որոշելու է ոչ միայն այդ ավագանու անդամին վռնդել Երևանի ավագանու կազմից, այլև վռնդել նաև իր շարքերից, որովհետև ամեն դեպքում կան կարմիր գծեր, որոնք անցնելը ոչ մեկին թույլ չի տրվում»,- ասաց Գագիկ Համբարյանը:

Աննա Բզնունի

Այս թեմայով
am