Տեղի է ունենում իշխանության ամբողջական ուզուրպացման փորձ. Երվանդ Վարոսյանը՝ ՍԴ նախագահի տան խուզարկության մասին

«Ի տարբերություն հռչակված դեմոկրատական արժեքների՝ տեղի է ունենում իշխանության ամբողջական ուզուրպացման փորձ»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով ՍԴ-ի եւ , մասնավորապես, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ ընթացող զարգացումներին։

Փաստաբանը ՍԴ նախագահի դեմ հարուցված քրեական գործին լայն դիտանկյունից է նայում՝ նշելով. «Քանի որ իրական նպատակը դա է, բնականաբար, այս ամենը շարունակվելու է այնքան, որքան հնարավորություն լինի իշխանության մոտ դա շարունակելու։ Սա ՍԴ-ն ճնշելու չգիտեմ որերորդ փորձն է»։

Հիշեցնենք, ՀՔԾ քննիչներն այսօր խուզարկություն են կատարել ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի տանը: ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել 2019 թվականի դեկտեմբերի 27-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Ընդ որում՝ նրան որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը կայացրել էր ՀՀ գլխավոր դատախազը՝ դեկտեմբերի 26-ին, ճիշտ այն նույն օրը, երբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենքը։

ՍԴ նախագահի տանը ընթացող խուզարկությունը փաստաբանն ապօրինի է համարում՝ շեշտելով, որ խուզարկությունը անհետաձգելի քննչական գործողությունների շարքում է։ «Երբ Հրայր Թովմասյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ տեղեկություններին ծանոթանում ենք, պարզ է դառնում, որ խուզարկություն իրականացնելու անհրաժեշտություն առհասարակ, գոյություն ունենալ չի կարող։ Երկրորդ, եթե անգամ այս գործով լիներ խուզարկություն անելու անհրաժեշտություն, այն անհետաձգելի քննչական գործողություն է ՝ ամիսներ շարունակ քրեական գործի մասին թմբկահարել, այս քրեական գործի հետ կապված սանիկներ կալանավորել, այդ քրեական գործը սկսել սփռել լրատվական դաշտում, հետո ամիսներ անց, գալ խուզարկության , որ ի՞նչ անել։ Չի կարող ամիսներ հետո օրինական խուզարկություն կատարվել»։

Վարոսյանի խոսքով, միայն այն փաստը, որ խուզարկությունն իրականացվում է այսօր, ինքն իրենով ապացուցում է՝ սա խուզարկություն չէ ։ «Նպատակ է դրված ունենալ այսօր գործող խորհրդարանի իշխող ֆրակցիայի պատգամավորների նման ՍԴ դատավորներով դատարան, վերջ, ուրիշ նպատակ չկա»,-եզրափակեց փաստաբանը։

Այս թեմայով
am