Ինչպիսի՞ն կլինի նախադպրոցական կրթությունը Հայաստանում. քննարկում խորհրդարանում

Ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը որոշում է պետական քաղաքականության սկզբունքները նախադպրոցական կրթության ոլորտում։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստում, նախադպրոցական կրթության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հունվարի 24-ին ասաց Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

Բացի այդ, ինչպես նշեց նախարարը, օրենսդրական նախաձեռնությունն ապահովում է կազմակերպա-իրավական եւ ֆինանսատնտեսական հիմքերը, հավասար նախադպրոցական կրթություն ստանալու իրավունքի իրագործումը բոլորի համար, կարգավորում է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավական հարաբերությունները, որոնք մասնակցում են նախադպրոցական կրթության գործընթացին, ինչպես նաեւ ուղղված է դրա հասանելիության ապահովմանը»,- պարզաբանել է Հարությունյանը։ Նախադպրոցական կրթության հիմնական խնդիրներն են, ըստ օրինագծի, երեխայի ֆիզիկական, բարոյական եւ մտավոր զարգացման հիմքերի ստեղծումը; մայրենի լեզվով շփման նախադրյալների ապահովումն ու օտար լեզուների հիմքերի ուսանումը; հաշվելու տարրական կարողության զարգացումը; ծանոթությունը վարքի տարրական կանոններին, հայրենի բնության եւ էկոլոգիայի, պատմության եւ ազգային մշակույթի տարրերին; տարրական աշխատանքային կարողությունների եւ հմտությունների ձեռքբերումը; դպրոցական ուսուցմանը նախապատրաստումը։ Նախարարը տեղեկացրեց, որ համաձայն օրինագծի՝ նախադպրոցական համակարգը, ինչպես եւ հանրակրթականը, նախատեսվում է տեղափոխել ներառական մոդելի։ Բացի այդ, Հարությունյանի խոսքով՝ հանրապետությունում կներդրվի մանկապարտեզներում կամ մանկամսուրներում աշխատող դաստիարակների վերապատրաստման համակարգ։ Խոսելով ընդունվող ուղղումներից ակնկալվող արդյունքների մասին՝ Հարությունյանը նշեց, որ օրինագծով սահմանվում են պետական քաղաքականության սկզբունքները նախադպրոցական կրթության ոլորտում։ Կսահմանվեն նաեւ նախադպրոցական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման հստակ մեխանիզմները, ինչը կհանգեցնի նախադպրոցական ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական եւ կրթական բազայի հիմքերի բարելավմանը։ Հատուկ ուշադրություն կհատկացվի երեխաների սննդի կազմակերպման պայմաններին։ Կներդրվի նաեւ կադրերի վերահսկողության որոշակի համակարգ։ Սրա կողքին, նախատեսված է նաեւ ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեության կարգավորում։

 

Այս թեմայով
am