Ցավում եմ, որ մնացել եք հին ալիքի վրա, այլապես կտեսնեիք, որ այս ընթացքում ՔՊ-ական զրո տնօրեն է ընտրվել. Արայիկ Հարությունյանը` Անի Սամսոնյանին

Այսօր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Ազգային ժողովում արձագանքեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հայտարարությանը , ըստ որի Երևանի հանրակրթական դպրոցների կառավարման խորհուրդների կազմում երկու տարվա ընթացքում ներառվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ, ԱԺ պատգամավորներ, նրանց օգնականներ, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ: 

«Երևանի ավագանու իմ նախկին գործընկեր Անի Սամսոնյանին եմ ուզում դիմել։ Տիկի՛ն Սամսոնյան, ես ցավում եմ, որ մնացել եք հին ալիքի վրա, որովհետև եթե ամբողջական եք ուսումնասիրում, ապա տեսնում եք, որ այդ գործունեության արդյունքում ՔՊ-ական զրո տնօրեն է ընտրվել, այնինչ հարյուրավոր մրցույթներ են տեղի ունեցել»,- ասաց նա:

Արայիկ Հարությունյանն ասաց, որ ծնողական ու մանկավարժական խորհուրդների դերի մեծացում է լինելու և, ըստ էության, այն բոլոր մարդիկ, որոնք նշանակվելու են լիազոր մարմնի կողմից, համայնքներից կամ մարզպետարաններից զրո ազդեցություն են ունենալու այդ խորհուրդներում:

«Երբ այս ամբողջականի մեջ նայում եք, պետք է ալիքը փոխել, բայց ես ցավում եմ, որ Ձեզ մոտ ալիքը փոխել չի լինում և մնացել եք հին ալիքի վրա կարծես հիմա խոսում եք Տարոն Մարգարյանի` որպես քաղաքապետի հետ: Մի՛ արեք այդպիսի բաներ, մեզ անհրաժեշտ է, որ մեզ կառուցողական առաջարկներ անեք ու եթե քաղաքականացվածությունից եք խոսում, Վանաձորի պետական համալսարանից հետ կանչեիք ձեր ներկայացուցչին, ով իմ կողմից շատ հարգված մարդ է` Քրիստ Մարուքյանը, ու ես անձամբ եմ իրեն զանգել…»,-ասաց նա և դահլիճից արձագանքներ հնչեցին «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամներից:

«Ես ցավում եմ,որ ինքը դիմում է, ուզում և դուրս գալ, քանի որ այնտեղ կարևոր դերակատարություն ունի…Հանգստացեք»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը` դիմելով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին, հայտարարել էր, որ ինքը ուսումնասիրել է Երևանի հանրակրթական դպրոցների կառավարման խորհուրդների կազմը և պարզել, որ այս երկու տարվա մեջ լուրջ փոփոխություններ են եղել այդ կազմում, կազմում ներառվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ, ԱԺ պատգամավորներ, նրանց օգնականներ, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ:

«Ապշել եմ, պարո՛ն նախարար, որովհետև Դուք նախարար դառնալուց առաջ միշտ խոսում էիք այն մասին, որ դպրոցների կառավարման խորհուրդները կուսակցականացված են և դա ճիշտ չէ»,- ասել էր նա:

 

Այս թեմայով
am