«Ես խորհուրդ կտայի հեռու մնալ այդ եղանակով անձնական հարցեր լուծելուց». Գևորգ Պետրոսյանը՝ Հրայր Թովմասյանի բնակարանում իրականացվող խուզարկության մասին

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք այսօր ՀՔԾ-ն խուզարկություն է իրականցրել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում:

Թովմասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ խուզարկությունը սկսվել և իրականացվել է խախտումներով՝ մասնավորապես, խուզարկության որոշմանը դեռևս ինքը և Հրայր Թովմասյանը ամբողջությամբ ծանոթ չեն:

Պողոսյանի խոսքով՝ իրենք պրոցեսին գոնե ինչ-որ օրինականության  շղարշ հաղորդելու համար, միջնորդել են, որ այդ ամբողջ պրոցեսը տեսաձայնագրվի և երևա, թե ով ինչ գործողություն է կատարել, սակայն դա էլ է մերժվել:

Թեմայի շուրջ MegaNews.am-ը զրուցեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հետ:

«Ես հույս ունեմ, որ ՀՔԾ-ն խուզարկություն կատարելիս հիշում է և հիմք է ընդունում Սահմանադրության այն հոդվածը՝ համաձայն որի, յուրաքանչյուր պետական մարմին և պաշտոնատար անձ իրավասու է իրականցնել միայն այնպիսի գործողություններ, ինչի համար լիազորված է Սահմանադրությամբ կամ օրենքով:

Ինձ մոտ տպավորությունն այն է, որ այնուամենայնիվ Հրայր Թովմասյանի նկատմամբ հետապնդումը շարունակվում է: Պարզապես ամոթ է, որ ամեն գնով փորձում են հասնել Հրայր Թովմասյանի հրաժարականին: Սա մեր երկրի հեղինակությունը վարկաբեկող մոտեցում է, ես խորհուրդ կտայի հեռու մնալ այդ եղանակով անձնական հարցեր լուծելուց:

Սա ես համարում եմ ևս մեկ անգամ հոգեբանական ճնշում, քանի որ իշխանության բոլոր քայլերը մատնվեցին անհաջողության, ձախողվեցին և փաստորեն իշխանությունը հասկացավ, որ սահմանադրական ճանապարհ առայժմ չի տեսնում Հրայր Թովմասյանից ազատվելու, հիմա անցել է անձնական հետապնդման գործողությունների: Եթե Հրայր Թովմասյանը  հանցագործություն է կատարել, թող բացահայտնեն և դատեն, բայց այս ձևով հոգեբանական ճնշում իրականացնելն ուղղակի ամթալի բան է: Եվ ի վերջո ինձ մի բան է հետաքրքիր՝ ի՞նչ են որոնում Հրայր Թովմասյանի բնակարանում»,- ասաց Գևորգ Պետրոսյանը:

Աննա Բզնունի
 

 

 

 

Այս թեմայով
am