«Թովմասյանի բնակարանում ընթանում է ապօրինի խուզարկություն, փնտրում են ինչ-որ աղաղակող բան, որը դեռ չեն գտել». Միհրան Պողոսյան

Այս պահին Սահմանադրական նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում ընթանում է խուզարկություն: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Թովմասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը:

Նա նշեց, որ բոլորի համար է ակնհայտ, թե ինչ է տեղի ունենում Հրայր Թովմասյանի հետ այս քրեական գործի շրջանակներում: «Ակնհայտ է՝ քաղաքական հետապնդման ու տարբեր ռեպրեսիվ մեթոդների կիրառումը: Նույնիսկ ընթերականներն էին նշում, որ սա քաղաքական գործ է և չեն ուզում հետագայում 10 տարի տարբեր քննչական մարմիններում տարբեր հարցերի պատասխանել»,- ասաց նա:

Պողոսյանի խոսքով՝ ակնհայտ է, քանի որ հասարակ մի խուզարկությունն սկսում և իրականացնում է խախտումներով. «Մասնավորապես, խուզարկության որոշմանը դեռևս ես և պարոն Թովմասյանը ծանոթ չենք, ինչը քննիչի առաջնային պարտականությունն է: Քննիչը հայտարարեց, որ շարունակում է խուզարկության կատարումը»,- ասաց պաշտպանը:

Բացի այդ, ըստ պաշտպանի՝ ներկա էին ոստիկանության աշխատակիցներ, որոնք որևէ փաստաթուղթ չեն ներկայացրել, թե ինչ իրավունք ունեին խուզարկություն կատարելու, քանի որ դատարանը համապատասխան թույլտվություն տալիս է կոնկրետ անձանց, այլ ոչ թե պատահական՝ ցանկացած ոստիկանի: «Քննիչը տվյալ փաստաթղթերը չներկայացրեց մեզ և սկսեց մեր գնահատմամբ իր անօրինական գործողությունները»,- ընդգծեց նա:

Պողոսյանի խոսքով՝ իրենք պրոցեսին գոնե ինչ-որ օրինականության  շղարշ հաղորդելու համար, միջնորդել են, որ այդ ամբողջ պրոցեսը տեսաձայնագրվի և երևա, թե ով ինչ գործողություն է կատարել: «Մեր այդ միջնորդությունը մերժել է, քանի որ ակնհայտ էր, որ անօրինականություններ են կատարում, սակայն իր կամայականությամբ քննիչը կրկին խախտելով պարոն Թովմասյանի անձնական կյանքի գաղտնիությունը, լուսանկարներ էր կատարում բնակարանում»,- նշեց նա:

Նա նշեց, որ չգիտի, թե քննիչներն ինչ են փնտրում, բայց ենթադրում է՝ փնտրում են ինչ-որ աղաղակող բան, որպեսզի հանրությանը կարողանան մատուցել այս պրոցեսի նպատակային լինելը: Սակայն ըստ պաշտպանի՝ այս պահին դեռ ոչինչ չեն գտել:

Ինչ վերաբերում է ՀՔԾ տարածած հաղորդագրությանը, որով հերքել են, թե պաշտպաններին չի թույլատրվել ծանոթանալ դատարանի որոշմանը՝ Պողոսյանն ասաց. «ՀՔԾ-ն լավ կլինի պաշտոնական հաղորդագրությունների փոխարեն բավարարեր մեր միջնորդությունը տեսաձայնագրելու և այդ ժամանակ իրականությունն ակնհայտ կլիներ, որ քննիչը չի ծանոթացրել պարոն Թովմասյանին որոշմանը»:

Նա նշեց, որ քննիչի ընթրեցումը պատշաճ ծանոթացում չէ, Քրեական դատավարության օրենսգրքով պետք է բնակարանի խուզարկությունից առաջ որոշմանը ծանոթացնի մասնակիցներին, ինչպես նաև այն անձին, ում բնակարանում կատարվում է խուզարկությունը:

 

 

Այս թեմայով
am