Բոլոր հարցերը լուծվել են, մնում է թռչել տիեզերք. խորհրդարանը քննարկում է տիեզերական օրինագիծ

Առաջարկվող օրինագծերի փաթեթով, մասնավորապես, նախատեսվում է մինչեւ 2030 թվականը հարկային արտոնություններ տալ այն ընկերություններին, որոնք ցանկություն են հայտնել զբաղվել տիեզերական գործունեությամբ Հայաստանի տարածքում։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստում, «Տիեզեական գործունեության մասին» օրինագծերի փաթեթի եւ հարակից օրենքների քննարկման ժամանակ հունվարի 24-ին ասաց Հայաստանի տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

Բացի այդ, գործունեության այս տեսակով զբաղվելու համար նախատեսվում է կիրառել ընկերությունների արտոնագրման գործընթաց, ինչի համար վերջինները պետք է վճարեն տարեկան պետական տուրք 10 մլն դրամի չափով։ Առաջարկվող օրենսդրական փաթեթով, ինչպես նշեց նախարարը, նախատեսվում է վերածնել խորհրդային ժամանակների տիեզերական հետազոտություների ավանդույթը։ Արշակյանը նաեւ նշեց, որ ներկայում բանակցություններ են վարվում մի քանի ընկերությունների հետ հանրապետությունում արբանյակների արտադրություն հիմնելու, դրանց ատեստավորման շուրջ։ Փաստաթղթում ներկայացված են նաեւ պահանջները վթարների դեպքում։ Նա ընդգծեց, որ ոլորտում զբաղված ընկերությունների գործունեությունը պետք է ապահովագրվի բոլոր տեսակի ռիսկերից։ Նախարարն ընդգծեց, որ տիեզերական հետազոտությունների ոլորտը աշխարհում զարգանում է ակտիվ տեմպերով։

Նշենք, որ տիեզերական գործունեությունը Հայաստանում կարգավորվել է միջազգային նորմերի հիման վրա։ Բայց այժմ, ինչպես նշեց Արշակյանը, ծագել է հարցն օրենսդրական մակարդակով լուծելու անհրաժեշտություն։ Ոլորտի զարգացումն ինքնաբերաբար կհանգեցնի նաեւ հարակից այլ ճյուղերի աճին։ «Փաթեթի նպատակը տեխնոլոգիաների, գիտության եւ կրթության զարգացումն է, ինչպես նաեւ պետական անվտանգության ամրապնդումն ու միջազգային համագործակցության զարգացումը»,- հավաստիացրել է նախարարը։ Նա նաեւ հիշեցրել է, որ խորհրդային ժամանակներում Հայաստանում ոլորտը ակտիվորեն զարգանում էր՝ թվարկելով հայ առավել հայտնի գիտնականների եւ մասնագետների անունները։

Այս թեմայով
am