«Փորձ արվում արյուն հեղել. սա արտաքին անվտանգությանն ուղղված մարտահրավեր է». Արման Բաբաջանյան

Աժ պատգամավոր Արման Բաբաջանյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է «Էրեբունի պլազա»-ում տեղի ունեցած միջադեպին: Նա հիշեցրել է նաև Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին կրակոց արձակելու դեպքը: Նրա խոսքով՝

սա ահազանգ է երկրում լրջագույն վերատեսության ենթարկելու իրավապահ համակարգը:

«Սա խոսում է այն մասին, որ Հայաստանում կարող է սկիզբ դրվել մի՝ արդեն ահաբեկչության նմանվող հանցագործությունների շղթայի, շրջափուլի, որը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ: Եվ այս իմաստով չափազանց կարևոր է, որպեսզի իշխանության արդեն հանցավոր դանդաղկոտությանը վերջ տրվի, և մենք արագորեն լծվենք իրավապահ համակարգը թափ տալու, մաքրելու, այս դիմադրող ռեժիմից դուրս գալու և հատու քայլերով երկրում բույն դրած հանցավոր այս մտադրություններն արմատախիլ անելու համար... Իրենց նախկին դիրքերին են վերադառնում օլիգարխները և նրանց ենթակա հանցավոր բանդաները, և մենք արդեն տեսնում ենք, որ առանձին օլիգարխներ, որոնք ամիսներ առաջ նույնիսկ կվախենային իրենց գտնվելու վայրի մասին հանրությանը տեղեկացնել, այսօր անարգել հայտարարություններ են անում, հոխորտում են իշխանություններին, ծաղրում ու հեգնում են իշխանությունների գործողությունները և իրավապահ մարմինների քայլերը»,- ասել է պատգամավորը:

Բաբաջանյանը նշել է, որ որոշ շրջանակներին և նրանց հովանավոր արտաքին ուժերին «հանգիստ չի տալիս, որ Հայաստանում հեղափոխությունը տեղի է ունեցել անարյուն»:

Հարցին, թե որո՞նք են արտաքին ուժերը, պատգամավորն ասել է. «Ես կարծում եմ՝ այն կենտրոնները, որոնք Հայաստանում հինգերորդ շարասյուն են աշխատեցնում: Եվ մենք շատ լավ հասկանում ենք, որ այդ ուժերը չեն կարողանում հանգստանալ այն կարևոր իրողությունից, որ 2018 թվականի իրադարձությունները տեղի ունեցան անարյուն, առանց մեկ մարդկային կորստի: Այդ արյան չգոյությունն է երաշխավորում Հայաստանի ապագան, ինքնիշխանությունն ու անկախությունը: Այդ արյունը հիմա փորձ է արվում հեղել և դրանով կախվածության մեջ դնել Հայաստանը արտաքին այն կենտրոնից կամ կենտրոններից, որոնք չեն ուզում, որ Հայաստանը այդ արյան բացակայության փաստից կարողանա դուրս գալ անվնաս և դրանով ապացուցի իր կենսունակությունն ու մղումները դեպի ինքնիշխան և հզոր Հայաստան կերտելու իր ցանկության մեջ: Ես կարծում եմ, որ այն, ինչ տեղի է ունենում, չի վերաբերում բացառապես Հայաստանի ներքին անվտանգությանը, սա այլևս ՀՀ-ի արտաքին անվտանգությանն ուղղված մարտահրավեր է»:

Այս թեմայով
am