Մեկուսացված քաղաքը, վարակի տարածումը, 17 զոհը և վիրուսի սկզբնաղբյուրը. ի՞նչ է հայտնի Չինաստանում բռնկված նոր կորոնավիրուսի մասին

Նոր տեսակի կորոնավիրուսի պատճառով Չինաստանի իշխանությունները Վուհանքաղաքը «կտրել են» արտաքին աշխարհից։ 

Շնչառական նոր վարակն արդեն 17 մարդու կյանք է խլել: Գրանցված վարակակիրների թիվը հասել է 617-ի:

Վուհանը, որը համարվում է նոր տեսակի կորոնավիրուսի էպիկենտրոնը, ունի ավելի քան 11 մլն բնակչություն: Այն Չինաստանի գլխավոր արդյունաբերական և առևտրային կենտրոններից է: Այժմ քաղաքը գտնվում է մեկուսացման մեջ: Չինաստանի իշխանությունները արգելել են ելումուտը քաղաք՝ փորձելով կանխել վարակի տարածումը: Չի աշխատում նաև քաղաքի հասարակական տրանսպորտը:

Վիրուսը Չինաստանում շատերի մոտ խուճապ է առաջացրել: Հիվանդության ախտանիշներն են ջերմությունը, հազը, շնչառական խնդիրները, որոնք, ի վերջո, հանգեցնում են թոքաբորբի: Փողոցներում գրեթե հնարավոր չէ տեսնել առանց դիմակի մարդկանց:

Չինաստանում հունվարի 25-ին տոնելու են լուսնային նոր տարին. այս տոնը սովորաբար հարյուր հազարավոր մարդկանց վերադարձնում է հայրենիք: Չինացիների մի մասը, սակայն, որոշել է տոներն անցկացնել տանը և ռիսկի չդիմել: Reuters լրատվական գործակալությունը Պեկինում հարցազրույց է արել մի քանի անցորդների հետ:

«Այս տարվա տոնակատարության ժամանակ ես կմնամ տանը, հեռուստացույց կդիտեմ: Դուրս գալու ծրագրեր չունեմ: Սկզբում մտադիր էի դուրս գալ, զվարճանալ, բայց հիմա՝ ոչ»,- պատասխանել է անցորդներից մեկը:

«Ես շատ անհանգիստ եմ: Ընտանիքս ասել է, որ դուրս չգամ, աշխատանքի չգնամ: Եթե մեկը հիվանդանա, ուրեմն ամբողջ ընտանիքը դատապարտված է: Բոլորը խուճապի մեջ են ու շատ վախեցած»,- ասել է գործակալության մեկ այլ զրուցակից:

«Կարծում եմ՝ Վուհանի մեկուսացումն անհրաժեշտ էր»,- ասել է անցորդներից մեկը քաղաքն արտաքին աշխարհից կտրելու մասին:

Նոր տեսակի կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է դեկտեմբերի վերջին: Չինաստանի իշխանությունները պաշտոնապես հաստատել են, որ վարակը փոխանցվում է մարդուց մարդուն: Ըստ մասնագետների՝ վարակի աղբյուր կարող էին դառնալ Վուհան քաղաքի կենդանիների շուկայում ապօրինի վաճառված վայրի կենդանիները: Գենետիկները համարում են, որ վարակի աղբյուր են եղել օձերը:

Վարակվածներ կան ոչ միայն Վուհանում, այլև Պեկինում, Հոնկոնգում:

Կորոնավիրուս է հայտնաբերվել նաև Չինաստանի սահմաններից դուրս: Վարակի դեպքեր են գրանցվել Հարավային Կորեայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում և Թաիլանդում:

Որոշ երկրներում վիրուսի ներթափանցումը կանխելու նպատակով հսկողություն են իրականացնում օդանավակայաններում՝ կատարելով Չինաստանից ժամանած թռիչքների ուղևորների ջերմաչափում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վարակի բռնկման հետ կապված արտահերթ նիստ է հրավիրել Ժնևում, քննարկումներ անցկացրել անկախ փորձագետների հետ:

Չինաստանում սուր շնչառական հիվանդության համաճարակ էր բռնկվել 2003-ին: Վարակը 774 մարդու կյանք էր խլել,  հասել գրեթե 30 երկիր: Այն ժամանակ Չինաստանի իշխանությունները փորձել էին թաքցնել եղելությունը, ինչի համար լուրջ քննադատության էին ենթարկվել:

Այժմ Չինաստանն ուղղում է անցյալի սխալները և պարբերաբար թարմ տեղեկություններ տրամադրում իրավիճակի մասին:

Սկզբնաղբյուր ՝ shantenws.am 

Այս թեմայով
am