ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սասուն Խաչատրյանի և Արթուր Դավթյանի ապօրինությունը «Ժողովուրդ» օրաթերթի նկատմամբ. արդարությունը հաղթանակեց

 

Տևական ժամանակ է՝ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը լծված է «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների գաղնազերծման աշխատանքին: ՀՔԾ-ի այս ձգտումներն ավելի խորացան հատկապես նախորդ տարվա փետրվարից, երբ «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակեց Մարտի 1 գործով որոշ նախկին և ներկա պաշտոնյաների (Ֆելիքս Թոխյանի, Գուրգեն Մելքոնյանի, Սերժ Սարգսյանի, Հայկ Հարությունյանի, Վլադիմիր Գասպարյանի եւ այլոց նախաքննական ցուցմունքները:

Հիշենք՝ դեռևս անցած տարվա գարնանը, երբ որոշ հրապարակումներին հաջորդեց նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախաքննական ցուցմունքը, ՀՔԾ-ն պաշտոնական-նախազգուշական հայտարարություն տարածեց, թե լրատվամիջոցը հրապարակել է նախաքննական գաղտնիք, և պահանջեց աղբյուրի բացահայտում, ինչը, բնականաբար, օրաթերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանի կողմից չարվեց, քանի որ դա դեմ է մեր սկզբունքներին:

Իրեն հարգող ոչ մի պրոֆեսիոնալ լրագրող չի կարող ինֆորմացիայի աղբյուր բացահայտել:

Դռնփակ ընթացող դատական նիստին զուգահեռ դատարանի բակում հավաքված էին ԱԺ պատգամավորներ, պաշտոնյաներ, տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ, որոնց անձնապես շնորհակալենք՝ աջակցության համար:

Ցավոք, այս արատավոր երևույթը մեծագույն խոչընդոտ է լրագրողի մասնագիտական ազատ գործունեության համար, մանավանդ, որ վերը նշված հրապարակումները որևէ կերպ օրենքի խախտումով չեն ուղեկցվել: Հարկ ենք համարում նշել, որ պահպանվել է «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքը: Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետը սահմանում է.

«Օրենքով սահմանված կարգով գաղտնի համարվող տեղեկատվության տարածման համար լրատվական գործունեություն իրականացնողը պատասխանատվության ենթակա չէ, եթե այդ տեղեկատվությունը նա ձեռք չի բերել օրենքով արգելված եղանակով, կամ ակնհայտ չի եղել, որ դա օրենքով սահմանված կարգով գաղտնիք է համարվել: Եթե լրատվական գործունեություն իրականացնողը տարածել է այնպիսի տեղեկատվություն, որի` օրենքով սահմանված կարգով գաղտնի համարվելն ակնհայտ է եղել, սակայն այդ տեղեկատվության տարածումը բխել է հանրային շահերի պաշտպանության անհրաժեշտությունից, ապա նա պատասխանատվության ենթակա չէ»:

«Ժողովուրդ» օրաթերթի համար հանրային շահը գերակա է: Ի դեպ, Եվրոպայի` Մարդու իրավունքների դատարանը սահմանել է մի կարեւոր դրույթ, որ նախաքննական մարմինները կամայական չպետք է մեկնաբանեն նախաքննական գաղտնիք ասվածը:

Ու եթե կամայական պիտի մեկնաբանենք, ապա մեղադրյալի անուն-ազգանունն էլ կարող է համարվել նախաքննական գաղտնիք, ինչը նշանակում է, որ նախաքննական գաղտնիքը մարտի 1-ի գործով բացահայտել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը սեպտեմբերի 11-ին` գաղտնալսման առիթով կայացած ասուլիսի ժամանակ, երբ բարձրաձայնեց նախաքննական բազմաթիվ գաղտնիքներ պարունակող տեղեկություններ, նույնիսկ ցուցակ:

Հավելենք, որ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը պարզաբանումներ է պահանջել Հատուկ քննչական ծառայությունից «168․am» լրատվամիջոցում հրապարակված՝ «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագրին գաղտնալսե՞լ են» նյութի ուսումնասիրության նպատակով։

Նույն հարցով Մարդու իրավունքների պաշտպանին է դիմել նաև «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր ՔնարՄանուկյանը։

Ավելի վաղ Մարդու իրավունքների պաշտպանը քննարկման ընթացակարգ է սկսել Մարտի 1-ի դեպքերի բացահայտման շրջանակում «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակած ցուցմունքների վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում՝ առանց քննիչի և դատախազի թույլտվության նախաքննության տվյալները հրապարակել ու առիթով հարուցված քրեական գործի առթիվ։

Ստացված պարզաբանումների արդյունքում այս պահին ի գիտություն է ընդունվել, որ այդ քրեական գործը քննվում է ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի (ոչ մեծ ծանրության հանցագործություն) հատկանիշներով:

Նշենք, որ երբ մեզ պարզ դարձավ, որ Հատուկ քննչական ծառայությունը վերծանել է Քնար Մանուկյանի հեռախոսային զանգերը, որպեսզի պարզի՝ ով է զանգահարել լրագրողին կամ հակառակը եւ նրանցից ով է տվել մարտի 1-ի գործով ցուցմունքները լրագրողին, Քնար Մանուկյանն անմիջապես այդ գործողությունները բողոքարկեց վերաքննիչ դատարանում:

Այսօր Երեւանի Վերաքննիչ դատարանում, դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, կայացավ այս գործով Քնար Մանուկյանի բողոքի քննությունը: Դատավորը վճիռ կայացրեց՝ հայտարարելով, որ ՀՔԾ-ի գործողություններն ապօրինի են եղել:

Այսինքն՝ Քնար Մանուկյանի հեռախոսազանգերի վերծանումներ հանելը ապօրինի է, ինչը ենթադրում է, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը եւ գործի օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնող, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ապօրինություն են գործել ու պետք է պատասխանատվության ենթարկվեն: Մենք հետամուտ կլինենք:

Այս թեմայով
am