«Սա լրջագույն ահազանգ է». Արման Բաբաջանյան

ՀՀ ԱԺ նիստում հունվարի 23-ին «Էրեբունի-Պլազա» հյուրանոցում  տեղի ունեցածը ՀՀ անկախությանն ու ինքնիշխանությանը նետված մարտահրավեր որակեց ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը: Նա իր ելույթում ասաց. «Այս միջադեպը բացի ուղղակի հանցագործություն լինելուց, օբյեկտիվորեն առաջացրել է քաղաքական քննարկումներ, քանի որ այդ նույն շենքում տեղակայված է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը, ինչպես նաև նրա անվան հետ կապվող հեռուստաընկերությունը: Իհարկե, դեռևս տեղեկություններ չկան, որ կատարվածը կապ է ունեցել նրա հետ, սակայն անկախ դրանից, սա լրջագույն ահազանգ է: Ահազանգ է ՀՀ իրավապահ մարմիններին, ուժային կառույցներին, դատական իշխանությանը, որոնք շարունակում են իրենց անդեմ, անատամ գործունեությունը՝ պարարտ հող ստեղծելով ՀՀ-ում հանցագործությունների կատարման համար: Այս կրակոցները պետք է սթափության ահազանգ լինեն ՀՀ իրավապահ մարմինների համար: Այս իրավիճակն այլևս անցնում է թույլատրելիության բոլոր սահմանները: Սթափվե՛ք, պարոնա՛յք, այլապես ՀՀ-ն կարող է թևակոխել հանցավորության այնպիսի շրջափուլ, որի հետևանքները կարող են կործանարար ու անդառնալի լինել: Տեղի ունեցածը ևս մեկ անգամ վկայում է, ընդհանրապես երկրում, մասնավորապես, առաջին հերթին, իրավապահ մարմիններում, դատական համակարգում արմատական բարեփոխումներ կատարելու կենսական անհրաժեշտության մասին»,-ամփոփեց պատգամավորը:

 

Այս թեմայով
am