ԱՄՆ-ում աղքատության խնդրի վրա ուշադրություն հրավիրելու նպատակով սառցե տուն են կառուցել

Ամերիկյան Փիթսբուրգ քաղաքում ամենամյա բարեգործական ակցիայի շրջանակում սառցե տուն են կառուցել: Ակցիան անցկացվում է հասարակության ուշադրությունն աղքատների խնդիրների վրա սևեռելու նպատակով, հայտնում է Trib Total Media-ն:

Dollar Energy հիմնադրամն առաջին տարին չէ, որ «Սառի՛ր հանուն ջերմության» խորագրով ակցիա է կազմակերպում: Դրա հիմնական նպատակը տարվա ցուրտ եղանակից պատսպարվելու հնարավորություն չունեցող մարդկանց օգնելն է:

«Մենք հրավիրում ենք սառցե տանը «սառչել հանուն ջերմության» և օգնել մեր տարածաշրջանում այն մեծ թվով ընտանիքներին, որոնք պայքարում են ջեռուցման սակագների նվազեցման համար»,- ասել է հիմնադրամի գործադիր տնօրեն Չադ Քուինը:

Քաղաքի կենտրոնում սառցե տուն կառուցելու միտքն ինքնին փոխաբերական իմաստ ունի, որն ի ցույց է դնում այդ խնդրի արդիությունը: Շինությունը հնարավոր է վարձակալել ժամանակավորապես, քանի որ այն բոլոր դեպքերում ուրբաթ օրն արդեն կհալչի:

Հավաքված ամբողջ գումարը կազմակերպությունը կփոխանցի ակցիայի գործընկեր կազմակերպություններին, մասնավորապես` էներգետիկ, որոնք կբաշխեն միջոցներն ու կօգնեն կարիքավորներին պարտքերի մարման հարցում:

93 քմ տարածքով սառցե տան կառուցման համար երեք օր է պահանջվել, մինչդեռ նախապատրաստական աշխատանքները 6 ամիս են տևել: Այն կազմված է 136 կգ կշռող սառցե 249 կտորներից: Տանը հյուրասենյակ, ննջասենյակ, լոգարան, ճաշասենյակ կա: Ներսում անգամ աջակցող կազմակերպությունները կահույք ու սառցե բանկոմատ են տեղադրել:

Իսկ այցելուների համար բակում ժամանցային միջոցառումներ են կազմակերպվել:

Այս տարի դրամահավաքը սկսվել է հունվարի 23-ին և կավարտվի 24-ին:

 

Այս թեմայով
am