«Մագիստրատուրայի, ասպիրանտուրայի աշխատող ուսանողների եկամտահարկը վերադարձնելով՝ նաև կզսպենք այս տարիքային շեմում արտագաղթի միտումը». Լիլիթ Մակունց

ԱԺ-ն քննարկում է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած նախագիծը, որով առաջարկվում է մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում մի շարք մասնագիտություններով սովորող և միաժամանակ աշխատող անձանց եկամտային հարկը վերադարձնել՝ ուսման վարձի փոխհատուցման նպատակով:

Հիմնական զեկույցով հանդես եկավ Սիսակ Գաբրիելյանը և նշեց, որ այն ուսանողները, որոնք կառավարության սահմանված մասնագիտությունների ցանկով սովորելուն զուգահեռ կաշխատեն, ուսումնական տարվա ավարտից հետո պետությունն ուսման վարձը կփոխհատուցի եկամտային հարկի վերադարձի տեսքով:

«Այս նախագծով կառավարությունը հնարավորություն կունենա սահմանել այն մասնագիտությունների գծով առաջնահերթությունը, որով ցանկանում է թե՛ բուհերում, թե՛ աշխատանքային շուկայում ունենալ ավելի մեծ ծանրաբեռնվածություն և աշխատանքային հոսքն ու կրթական հոսքն ուղղել հենց այդտեղ»,- նշեց Լիլիթ Մակունցը:

Նրա խոսքով՝ մագիստրատուրայում սովորող երիտասարդներն ավելի հակված կրթություն ստանալու եվրոպական, արևմտյան կրթական հաստատություններում, որոնք հնարավորություն են տալիս ոչ միայն անվճար սովորելու, այլև հետագայում մանսագիտությամբ աշխատելու: «Հետևաբար, մենք փորձում ենք զսպել արտագաղթի միտումը հենց այս տարիքային շեմում»,- նշեց նա:

Ըստ Մակունցի՝ պետպատվերի ինստիտուտը պետք է վերանայվի, և որևէ կերպ չպետք է կապ ունենա այս նախագծի հետ, որովհետև պետությունը, երբ կատարում է ներդրում, նաև պետք է հասկանա, թե հետո այդ ուսանողն իր մասնագիտական հմտություններով ինչպես կփոխհատուցի. միգուցե աշխատի նաև պետական համակարգում:

 

Այս թեմայով
am