Ցմահ դատապարտյալի գործով վաղը դատարանը կորոշի՝ ազատել նրան, թե՝ ոչ

 

 

Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում էր ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանի պաշտպանների բողոքի քննությունը Առաջին ատյանի դատարանի այն որոշման դեմ, որով մերժվել էր Մանուկյանին վաղաժամկետ ազատ արձակելու դիմումը: Այսօր դատախազ Բրուտյանն առարկեց, որ Մանուկյանը ազատ արձակվի՝ նշելով, որ նա արդեն իսկ իր դրական վարքագծի շնորհիվ անցել է կիսաբաց ռեժիմի: Սակայն ազատ արձակվելուն իրենք դեմ են։ Ցմահ դատապարտյալ Մանուկյանի պաշտպան Նարեկ Ալոյանն ասաց, որ Մանուկյանի վարքը ավելի շատ կարելի է բնորոշել որպես դրական և սկսեց թվարկել, թե այս տարիների ընթացքում Մանուկյանն ինչ դրական գործողություններ է կատարել:

«Պետությունը գտել է, որ Աշոտ Մանուկյանն ուղղվող դատապարտյալ է, նրա պահման ռեժիմը փոխել է կիսաբացի»,- ասաց պաշտպանը, նշելով, որ Մանուկյանը նաև գրքեր է հեղինակել պատիժը կրելու ընթացքում: Օրինակ բերելով հայտնի հեքիաթում հնչող «Թագավորը մերկ է» արտահայտությունը, պաշտպանն ասաց՝ դատախազն իր պնդումներով մերկ է, դատախազն էլ առարկեց՝ ես մերկ չեմ։ Դատավորն արձանագրեց, որ պաշտպանի խոսքով վիրավորական արտահայտություն չկար, հակառակ պարագայում սանկցիա կկիրառեր։

Հիշեցնենք, որ Մանուկյանը դատապարտվել է 25 տարի առաջ երեք զինծառայողի սպանության համար, նա կատարած արարքի համար զղջացել է, զոհերի ծնողները ցմահին ներել են և դեմ չեն, որ նա ազատ արձակվի: Մեղադրող դատախազը պատասխանելով պաշտպանի պնդումներին ասաց, որ պետք է դիտարկել հանցագործության վտանգավորության աստիճանը, անդրադառնալով այն պնդմանը, թե ցմահ դատապարտյալի միակ բացասական քայլը եղել է հեռախոս պահելը, ասաց՝ մարդը գիտակցելով, որ չի կարելի գործողությունը կատարել, միտումնավոր շարունակում է այն կրկնել: «Երեք զինծառայողի կյանք խլած դատապարտյալը երեք գիրք գրելով ուղղվե՞լ է: Մեր կարծիքն է, որ նա չպետք է ազատ արձակվի և պետք է շարունակի պատիժը կրել»,- ասաց դատախազը:

Մանուկյանը ևս ելույթ ունեցավ. «Ես գիտակցում եմ, որ երեք մարդու կյանք է խլվել, գիտակցում եմ, որ շատ ծանր հանցագործություն է, եթե 10 տարի նստելով էլ դա կքավեմ ես, պատրաստ եմ նստել, եթե իմ կյանքով կհատուցեմ, պատրաստ եմ կյանքս տալու»,- ասաց դատապարտյալը։

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, որը կհրապարակվի վաղը՝ ժամը 15:00-ին։
 

Այս թեմայով
am