Գյուղացիների ուսերին բարձրանալով վարչապետ դարձած Փաշինյանը թքեց գյուղացիական չարչարանքի վրա ․ Վահան Իշխանյան

Սպանդանոցի պահանջը առաջացել է այն պահից, երբ ԽՍՀՄ փլուզումից հետո վերացրին սպանդանոցները, պետությունը հրաժարվեց գյուղատնեսությանը աջակցելու գործառույթից, եւ գյուղացիները իրենց ջանքերով ու ճիգերով սկսեցին անասնապահություն զարագացնել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հրապարակախոս Վահան Իշխանյանը։

«Սպանդանոցները ե՛ւ որպես սանտիարական անհրաժեշտություն, ե՛ւ որպես գյուղացիներին աջակցություն պարտավոր էր կառուցել պետությունը եւ մորթը կազմակերպելով՝ օգնել գյուղացիներին եւ ոչ թե ստեղծել մասնավոր օղակներ, որ գռփեն նրանց չարչարանքով աշխատած կոպեկները։

Էն, ինչ անում է Փաշինյանի կառավարությունը, շարունակությունն է մասնավորեցման նեոլիբերալ քաղաքականության՝ եւս մի մասնավոր օղակ է ստեղծում, որ գյուղացիների հաշվին հաստանան, գյուղացիներին պարտադրում է մասնավոր սպանդանոցներում իրենց անասունը մորթել տալ, այսինքն, որ գյուղացիների վրա ինչ-որ մասնավոր անձինք փող շինեն։

Գյուղացիական բողոքների նկատմամբ վարչապետի կոմպրոմիսն այն է, որ մինչեւ հուլիսի մեկը աջակցի, որ էլի ինչ-որ մասնավոր սպանդանոցներ ստեղծվեն, այսիքն՝ ոչ թե գյուղացիներին է ձեռք մեկնում, այլ նրանց, ովքեր նրանց հաշվին հարստանալու են։

Ինչ է լինելու այս ամենի արդյունքը՝ տեղական մսի արտադրությունը նվազելու եւ տեղը զիջելու է դրսից բերված մսի՞ն, ինչպես մի գյուղացի էր ասում՝ էս օրենքը հետաձգեք մինչեւ աշուն, որ անասունս աճի, մորթեմ, ծախեմ գնամ էս երկրից։

Նույնն էլ կաթի ոլորտում, ով շփվել է կաթ արտադրողների հետ, գիտի, որ դրսից էժան կաթի փոշի է ներմուծվում, որի պատճառով գյողացիների արտադրած բնական կաթը չի իրացվում։ Ընկերս 30 տարի անասնաբուծությամբ է զբաղվում, 30 տարի լույսը չբացված աշխատում է մինչեւ մութն ընկնելը, իր չարչարաքների արդյունքն է ընդամենը 25 կովը, որ կթում վաճառում էր կաթի գործարաններին։ Արդեն երկար ժամանակ է՝ չի կարողանում իրացնել, էժան փոշին մրցակցության մեջ հաղթել է նրա բնական կաթին, գործարանները նրա թարմ կթած կաթի փոխարեն էժան կաթի փոշի են առնում։ Ասում էր, որ էսպես գնա, որ ներքին արտադրողին պետությունը չպաշտպանի, տեղական կաթնարտադրությունը ուղղակի կվերանա։ Ընկերս դաշնակցական է,ասում էի դաշնակցությանը դիմի, որ էս հարցը բարձրացնեն։

Երեկ ԱԺ֊ում պատգամավորներից մեկը այս հարցը ուղղեց կառավարությանը, պատասխանեց Նիկոլ Փաշինյանը՝ թե գիտեք, Հայաստանում հոլանդական տեխնոլոգիայով պանիր են արտադրում, եւ դրսից բերում են բարձրորակ փոշի, տեղական կաթը չեն կարող օգտագործել, քանի որ կեղտոտ է, մեջը թրիք է ընկնում։

Հայաստանի միսն էլ, կաթն էլ իրենց որակով աշխարհում լավագույններից են. այլ երկրներում անասուններին հիմնականում ինչ որ արտադրական սնունդ են տալիս, իսկ Հայաստանի կաթնատուները սնվում են ալպիական լեռնային խոտով, բազմաթիվ գյուղացիներ էլ շատ գրագետ, բարեխիղճ եւ սանիտարական կանոնները պահելով են կթում, կաթն էլ հատուկ ստերլիզացվում է արտադրությունից առաջ եւ այն նույն կաթը, որ առաջ սպառվում էր, այժմ չի սպառվում մի պատճառով, որ դրսից էժան փոշի են բերում։ Ներկրվող փոշու վրա հարկերը բարձրացնեն, տես ոնց կրկին կառնեն տեղական կաթը կամ էլ նեոլիբերալ կառավարությունը թող անկեղծ ասի՝ չենք կարող ներկրվող ապրանքի վրա հարկեր ավելացնել, ազատ շուկային դեմ է կամ ձեւ չգիտենք տեղական արտադրողին պաշտպանելու համար, թե չէ ի՞նչ են թրիքով խաբում, մարդկանց աշխատանքը վիրավորում։

Իսկ Փաշինյանը ուղղակի թքեց հարյուրավոր անասնապահների երեսին ի շահ փոշի ներկրողների։

Այս պատկերի ցավալին ոչ միայն էն է, որ գյուղացիների ուսերին բարձրանալով վարչապետ դարձած անձը թքողական վերաբերմունք ունի գյուղացիական չարչարանքի նկատմամբ, նրանց շահերի դեմ որոշումներ է հանում, այլ էն, որ ոչ մի քաղաքական կուսակցություն, քաղաքական գործիչ գյուղացական ցույցերին չմասնակցեց, չգնաց նրանց հետ ճամփաներ փակելու, նրանց համար պահանջներ չձեւակերպեց՝ պետական սպանդանոցենր կառուցելու կամ տեղական կաթի արտադրությանը արտոնություններ տալու վերաբերյալ։

Գյուղացիները միայնակ էին իրենց պյքարում, իսկ նրանց չարչարանքը սպառողները անտարբեր դիտում էին»,-նշել է նա։

 

Այս թեմայով
am