CDI-ն իր մտահոգություններն է հայտնում Հրայր Թովմասյանի դեմ ճնշումների եւ քրգործի կապակցությամբ. Ներկայացնում է ՀՀԿ-ն

Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության (CDI) Գործադիր կոմիտեն, որի հերթական նիստը տեղի է ունենում Յոջիակարտա քաղաքում (Ինդոնեզիա), այսօր ընդունել է բանաձեւ Հայաստանում քաղաքական իրավիճակի վերաբերյալ:

Բանաձեւում անդրադարձ է կատարվում Հայաստանում ժողովրդավարության խնդիրներին, մամուլի ազատությանը, դատական համակարգի քաղաքականացվածությանը եւ Սահմանադրական Դատարանի նախագահ Հրայր Թովմասյնաի հանդեպ իրականացվող ճնշումներին:

Բանաձեւ հեղինակել եւ ներկայացրել է ՀՀԿ-ն:

Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը հանդիսանում է համաշխարհային ամենախոշոր եւ ազդեցիկ քաղաքական ընտանիքներից մեկը: Նրա անդամ են հանդիսանում ավելի քան 70 իշխող եւ խոշոր ընդդիմադիր կուսակցություններ մոտ 50 երկրներից, ինչպես Եվրոպայից, այնպես էլ Լատինական Ամերիկայից, Ասիայից եւ այլն:

Ստորեւ ներկայացնում ենք բանաձեւը, որը ներկայացրել է ՀՀԿ-ն:

«ԲԱՆԱՁԵՎ

Հայաստանում քաղաքական իրավիճակի վերաբերյալ

Ընդգծելով Հայաստանի սահմանադրական կարգի շրջանակներում լայն եւ համապարփակ քաղաքական երկխոսության եւ ներառական քաղաքական միջավայրի կարեւորությունը;

Շեշտելով, որ տեղեկատվության բազմազանությունը, լրատվամիջոցների ազատությունը, քաղաքական մրցակցությունը, օրենքի գերակայությունը, արդարությունը եւ ժողովրդավարությունը ժողովրդավարական հասարակության հիմնական սկզբունքներն ու արժեքներն են եւ հանդիսանում են հայկական պետականության կայացման հաջողության բանալին;

Նշելով ընդդիմության եւ կառավարության ընդդիմախոսների վրա քաղաքական դրդապատճառներով պետական ազդեցության չարաշահման անհանգստացնող շարունակությունը:

Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը (CDI)

Նախազգուշացնում է Հայաստանի կառավարությանը դեպի ավտորիտարիզմի ճանապարհ անցնելու մասին եւ ահազանգում, որ հանրային ճնշումը չարաշահելով՝  իշխող կուսակցության օգտին զսպումների եւ հակակշիռների համակարգը բացասականորեն փոխելը մեծ հետընթաց քայլ կլինի;

Կոչ է անում Հայաստանի իշխանություններին ամբողջովին հարգել դատական համակարգի անկախությունը եւ զերծ մնալ դատական որոշումների վրա ազդելուց եւ դրանք ցանկացած քաղաքական գործիքակազմի վերածելուց;

Լուրջ մտահոգություններ է հայտնում այն մասին, որ Հայաստանի դատական համակարգը դառնում է իշխանությունների ձեռքում քաղաքական հակառակորդների դեմ պատժի միջոց;

Կոչ է անում ՀՀ կառավարությանը՝ վերանայել այս միտումները եւ կենտրոնանալ երկրի ապագայի վրա՝ պնդելով, որ չհաջողելով փոխել այդ միտումները, լուրջ վնաս կհասցնի Հայաստանին եւ նրա առաջընթացին՝ ազգերի եվրոպական ընտանիքին ընդառաջ շարժվելու համար:

Հիշեցնում է Հայաստանի իշխանություններին Եվրամիության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) արդյունավետ իրականացման կարեւորության մասին;

Իր մտահոգություններն է հայտնում ՍԴ նախագահ պարոն Թովմասյանի դեմ ճնշումների եւ հարուցված քրեական գործի կապակցությամբ: Սահմանադրական կարգը եւ օրենքի գերակայությունը պետք է երաշխավորված լինեն:

Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը (CDI) կշարունակի ուշադիր հետեւել եւ աջակցել Հայաստանի ժողովրդավարական գործընթացին` ի շահ իր քաղաքացիների»:

 

Այս թեմայով
am