«Դուստր Մարիաննան» արտոնություն ստացավ. Իրանից պետք է ներմուծի 12 հազար տոննա կաթնային սերուցք

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 23-ի նիստում որոշում կայացրեց ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատել «ԴՈՒՍՏՐ ՄԱՐԻԱՆՆԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Հարցը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ նշելով, որ ընկերությունը ներմուծվող հումքը օգտագործելու է սերուցքային կարագի արտադրության համար (գյուղմթերքի վերամշակում):

«Ընկերությունը հործում է 1997 թվականից Երեւանում, կաթնամթերքի արտադրության ոլորտում: Այս ծրագրով նախատեսվում է, որ առաջիկա երեք տարիների ընթացքում Իրանից պետք է ներմուծի 12 հազար տոննա կաթնային սերուցք՝ 11 մլրդ դրամ արժեքով: Մենք քննարկել ենք, թե արդյոք սրանով չենք վնասում տեղական կաթ արտադրողներին: Ունենք հավաստիացումներ, որ ներքին պահանջարկն այնպիսին է, որ նման ներմուծումը չի կարող ազդել կաթի շուկայի առաջարկի վրա: Այս արտոնության արդյունքում կազմակերպությունը կստանա մաքսատուրքից ազատում 1,65 մլրդ դրամի չափով: ՀՀ բյուջեի նվազումը կկազմի 20,1 մլն դրամ»,-ասաց նախարարը:

Նա հավելեց, որ ընկերությունն ունի 318 աշխատակից, այս ծրագրի արդյունքում եւս 15 նոր աշխատատեղ կստեղծվի՝ 140 հազար դրամ միջին աշխատավարձով:

 

Այս թեմայով
am