2 ժամը՝ 100 դոլար. Կանադայում Huawei-ի ղեկավարի ազատ արձակումը պահանջող ցուցարարներն իրականում վարձու դերասաններ են եղել

Կանադայում չինական Huawei հեռահաղորդակցային ընկերության ֆինանսական տնօրեն Մեն Վանչժոուի աղմկահարույց ձերբակալման ֆոնին նրան ազատ արձակելու կոչով հանդես եկած ցուցարարներն իրականում վարձու դերասաններ են եղել, գրում է The Guardian-ը:

Ավելի քան տասնյակ ցուցարարներ անցած երկուշաբթի Վանկուվերի դատարաններից մեկի մոտ բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով ազատ արձակել Մենին: Այժմ պարզվել է, որ երկու ժամանոց ցույցին մասնակցելու համար նրանցից յուրաքանչյուրը 100 կանադական դոլար է ստացել:

Այս մասին հայտնի է դարձել, երբ կեղծ ցույցի մասնակիցներից մեկը ֆեյսբուքյան գրառում է արել և խոստովանել, որ իրենց խաբել են՝ ասելով, որ իրենք մասնակցելու են ֆիլմի նկարահանման: Սակայն դատարանի շենքի մոտ գալուց որոշ ժամանակ անց կինը հասկացել է, որ իրեն խաբել են, և որ ինքն իսկական ցույցի է մասնակցում:

Նույնպիսի պնդմամբ է հանդես եկել մեկ այլ դերասան՝ մանրամասնելով, որ նախքան այդ գաղափար անգամ չի ունեցել Մենի մասին:

Առայժմ հայտնի չէ՝ ով է հավաքել դերասաններին. Huawei-ի խոսնակը հերքել է ցույցին առնչություն ունենալու կասկածները:

Աղբյուրը հավելում է, որ Կանադայում մի քանի օր է` շարունակվում է Մենի գործով դատավարությունը: Կինը մեղադրվում է ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների միտումնավոր խախտման համար և կարող է Միացյալ Նահանգներ արտաքսվել: Չինուհու փաստաբանական թիմը փորձում է ամեն գնով խուսափել ԱՄՆ արտահանձնումից: Մենը ձերբակալվել է 2018թ. դեկտեմբերի 1-ին՝ Վանկուվերի միջազգային օդանավակայանում՝ Միացյալ Նահանգների իշխանությունների խնդրանքով:

Այս թեմայով
am