«Ես Ձեզ հորդորում եմ մնալ կոռեկտության սահմաններում», «Այ ցավդ տանեմ, մի րոպե». ԱԺ-ում կրքերը չեն հանդարտվում

ԱԺ քվեարկությունների ժամանակ չեն դադարում փոխադարձ մեղադրանքներն ու վեճերը: Հերթական հարցի քվեարկության ժամանակ նորից վարման կարգով ելույթ ունեցավ ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը և պատասխանեց Արարատ Միրզոյանի նախորդ ելույթին:

«Դուք երեք անգամ Ձեր խոսքում նշեցիք, թե լավ չեմ հասկացել: Ես Ձեզ հորդորում եմ, որ մնաք կոռեկտության սահմաններում և երեկվա վիրավորանքների համար՝ ընդդիմությանը ձիու հետ համեմատելու հետ կապված էլ, պետք է ներողություն խնդրել: Մենք ամեն ինչ հասկացել ենք, էդ Դուք չեք կարողացել գիտակցել Ձեր դերը այս խնդիրը լուծելու համար: Ձեր դերը այն էր, որ Դուք պետք է ապահովեիք հանձնաժողովի ձևավորումը: Պարո´ն Միրզոյան, Դուք ԱԺ-ն իջեցնում եք Երևանի ավագանուց ցածր մակարդակի, իրե՞նք են որոշում ԱԺ-ն ինչ իրավունքներ ունի, ինչ իրավունքներ չունի, ինչ հանձնաժողով կարող է ստեղծել, ինչ հանձնաժողով կարող է չստեղծել»,- հայտարարեց Մարուքյանը:

Արարատ Միրզոյանն էլ նշեց, որ կաշխատի, որ իր անդրադարձը լինի վերջինը: «Չգիտեմ՝ Դուք ինչ նյուանսներ կփորձեք սխալ լույսի ներքո ներկայացնել, բայց կաշխատեմ չարձագանքել: Նորից եմ ուզում հիշեցնել, որ ԱԺ նախագահը, եթե քննիչ հանձնաժողովի նախաձեռնության տակ ստորագրած պատգամավորների թիվը ապահովված է, հայտարարում է քննիչ հանձնաժողովի ստեղծման մասին»,- ասաց նա: Միրզոյանին տեղից արձագանքում էր Էդմոն Մարուքյանը:

«Պարո´ն Մարուքյան, սուս մնացեք խոսեմ»,- ասաց նա և շարունակեց. «ԱԺ նախագահն այլ իրավունք չունի, չի կարող որոշել սահմանադրական է, թե չէ, նպատակահարմար է, թե չէ, չունի այդպիսի լիազորություն, և հանձնաժողովն էլ ստեղծվում է ոչ թե ԱԺ նախագահի հայտարարությամբ, այլ ԱԺ նախագահի՝ այդ փաստաթղթերը ստորագրելու պահից: Մնացածը մանիպուլյացիաների ոլորտից է»:

Միրզոյանը անդրադառնում էր Մարուքյանի կոռեկտության կոչին, սակայն վերջինս նորից սկսեց տեղից խոսել, Միրզոյանն ասաց. «Պարո´ն Մարուքյան, մի վայրկյան, մարդ մի քիչ իրեն կտիրապետի էլի»:

Նա հիշեցրեց, որ երեկ Ռուբեն Ռուբինյանի ելույթի ժամանակ հենց Մարուքյանն է տեղից վեր կացել և հասել Ռուբինյանի մոտ ու արձագանքել նրան, դրա համար էլ միակողմանի նախազգուշացում է տվել Մարուքյանին: Նորից Մարուքյանը տեղից արձագանքեց: «Այ ցավդ տանեմ, մի վայրկյան»,- ասաց Միրզոյանը և շարունակեց. «Եկաք կանգնեցիք այստեղ ու սկսեցիք զուգահեռ խոսել Ռուբինյանի հետ: Ես՝ որպես ԱԺ նախագահ, այդ արարքի համար Ձեզ նախազգուշացում արեցի, բայց խիստ անարդար կլիներ, եթե Ձեր արարքի համար, Ռուբինյանին էլ նախազգուշացում անեի: Այնպես որ, կոռեկտությունը պիտի ընդհանուր լինի»,- նշեց Միրզոյանը:

 

Այս թեմայով
am