Ավստրալիայում հրդեհների դեմ պայքարող ինքնաթիռը կործանվել է լեռներում. կա 3 զոհ

Ավստրալիայում մեծ ջրցան ինքնաթիռը կառավարման կենտրոնի հետ կապը կորցնելուց հետո կործանվել է լեռներում` Snowy Mountains-ում, անտառային հրդեհների դեմ պայքարելու ընթացքում: Այս մասին տեղեկացնում է dailymail.com կայքը:

Ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է հրդեհի դեմ պայքարող երեք մարդ:

Կոմիսար Շեյն Ֆիցիմոնսը մամուլի ասուլիսի ժամանակ հաստատել է, որ գտնվել են ինքնաթիռի մնացորդները, և որ ինքնաթիռում գտնվող բոլոր երեք մարդիկ մահացել են:

«Ցավոք, ինքնաթիռի կործանման հետևանքով ոչ ոք ողջ չի մնացել»,-ասել է կոմիսարը:

Ինքնաթիռը պատկանում էր Coulson Aviation ամերիկյան ծառայությանը, մահացածներն ամերիկացի հրշեջներ էին, որոնք մեկնել էին Ավստրալիա` օգնելու հրդեհների դեմ պայքարում:

Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլադիս Բերեջիքլյանը ցավակցություններ է հայտնել զոհերի ընտանիքներին:

«Մեր մտքերը ոչ միայն մահացածների ընտանիքների հետ են, այլ նաև բոլոր նրանց, ովքեր իրենց վրա են զգում այսօրվա կատարվածի ազդեցությունը»,-ասել է Բերեջիքլյանը:

Նշվում է, որ Նոր Հարավային Ուելսում ներկա դրությամբ դեռևս աշխատում են մեծ թվով հրշեջներ, նահանգում առկա է շուրջ 80 հրդեհի օջախ:

 

Այս թեմայով
am