Ճգնաժամը խորանում է

«Հրապարակ»-ը գրում է.

«Ո՞ր քաղաքական ուժերն են համագործակցում գործող իշխանությունների հետ։ Անզեն աչքով երևում է, որ համագործակցողների քանակն անշեղորեն կրճատվում է։ Անգամ այն գործիչներն ու կուսակցությունները, որոնք ողջունել են հեղափոխությունը, ապա մեկուկես տարի աջակցել ու հավանություն տվել իշխանական բոլոր քայլերին, այսօր կա՛մ լռում են, կա՛մ հեռացել են նրանից և չեն թաքցնում իրենց դժգոհությունը։

ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, ԼՀԿ-ն նախկին ռևերանսները վաղուց դրել են մի կողմ և բացահայտորեն հակադրվում են իշխող ուժին։ Գլխավոր գործընկեր և 18-ին հօգուտ «Քաղպայմանագրի» ընտրություններին մասնակցելուց հրաժարված ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը վաղուց չի խոսել, իսկ սահմանադրական փոփոխությունների՝ ՀԱԿ-ի վերջերս արված առաջարկն իշխանությունների կողմից մերժվելուց հետո անջրպետը, հաստատ, ավելի է խորանալու։

Երեկ հայտարարությամբ հանդես եկավ «Ժառանգություն» կուսակցությունը, որը ևս այս ընթացքում համագործակցում էր իշխանությունների հետ։ Հայտարարության մեջ նշել են, որ իշխանության բոլոր թևերում՝ դատական, օրենսդիր և գործադիր, խորանում է կառավարման ճգնաժամը, իսկ «սխալների և դրանց ուղղման թիվ մեկ պատասխանատուն վարչապետն է՝ Նիկոլ Փաշինյանը», ով պետք է նախաձեռնի դատական, օրենսդիր և գործադիր մարմինների աշխատանքը բարենորոգելու քայլեր:

«Ժառանգությունն» անգամ հուշում է քայլերը
«Կլինի դա ազգային համաձայնության կառավարության կազմումը, ուժային կառույցների բարենորոգումը, դատական համակարգի վերբեռնումը, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստումը», հանրությունը և քաղաքական-հասարակական ուժերը սպասում են «վճռական քայլին»: Իրոք, երկրում ճգնաժամը խորանում է, և դա անգամ բարեկամաբար տրամադրված մարդիկ են նկատում»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Այս թեմայով
am