Ինչո՞ւ են ուզում կասեցնել հիփոթեքային վարկի դեպքում եկամտային հարկի հետ վերադարձի դրույթը

«Փաստ» թերթը գրում է 

«Դեռեւս 2015 թվականին ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց, որը վերաբերում էր հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով վարձու աշխատողների, անհատ ձեռնարկատերերի եւ նոտարների կողմից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման կարգին։ 

Այն այժմ էլ գործում է եւ տարածվում երկրի տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերում անմիջապես կառուցապատողից, ինչպես նաեւ պետության եւ (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ համայնքից 2014 թվականի նոյեմբերի 1-ից հետո բնակարան ձեռք բերող կամ ՀՀ տարածքում անհատական բնակելի տուն կառուցող վարձու աշխատողների, անհատ ձեռնարկատերերի եւ նոտարների վրա: 

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը, «Փաստի» հետ համագործակցության շրջանակներում, անդրադարձել է 2015-2019 թվականների ընթացքում հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների փոխհատուցման նպատակով վերադարձված եկամտային հարկի դինամիկային, որն, ըստ կենտրոնի վերլուծության, դիտարկվող ժամանակահատվածում անընդհատ աճ է արձանագրել: 

Վերադարձմանը ենթակա գումարները 2019 թվականին կազմել են 7,9 մլրդ ՀՀ դրամ՝ գերազանցելով 2018 թվականի ցուցանիշը 68,9 %-ով: 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ գործընթացում ներգրավված է եղել 7152 անձ (ներառյալ համավարկառուները), որոնց թվաքանակը 2018 թվականի տարեվերջի համեմատ աճել է 77,9 %-ով: 

Նշվում է՝ հատկապես հետաքրքրական է այն, որ 2019 թվականին 2018 թվականի համեմատ գործընթացում ներգրավված վարկառուների եւ համավարկառուների թվաքանակի աճի տեմպը գերազանցել է հետ վերադարձվող գումարների աճի տեմպին, ինչը նշանակում է, որ համավարկառուների թվաքանակի աճն է պայմանավորել գործընթացում ներգրավված անձանց թվաքանակի աճը: 

Այնուհետեւ կենտրոնը ներկայացնում է 2015-2019 թվականների վերադարձված եկամտային հարկի դինամիկայից բխող իր եզրահանգումները. 

• Սկզբնական տարիներին այս գործընթացում հիմնականում ներգրավված են եղել եկամուտների ավելի բարձր մակարդակ ունեցող անձինք, որոնք էլ ձեռք են բերել համեմատաբար ավելի թանկ բնակարաններ: 

• 2018 թվականին կառավարության հիփոթեքային վարկավորումն ավելի մատչելի դարձնելուն ուղղված միջոցառումները դրական ազդեցություն են ունեցել: 

• 2019 թվականին համավարկառուների թվաքանակի աճը նշանակում է, որ 2019 թվականին վարկառու եւ համավարկառու դարձած անձանց եկամուտների մակարդակը որոշակիորեն զիջել է սկզբնական տարիներին գործընթացում ներգրավված անձանց եկամուտների մակարդակին: 

• Հնարավոր է, որ 2019 թվականին հիփոթեքային վարկի միջոցով նորակառույցներում ձեռք բերված բնակարանների թվի աճը, որոնք չեն գտնվում Երեւանի Կենտրոն համայնքում, պայմանավորված է այլ համայնքներում ձեռք բերվող բնակարանների քանակի աճով, ինչը նշանակում է, որ ձեռք են բերվել համեմատաբար ավելի ցածր արժեքի բնակարաններ: 

Այսպիսով՝ դիտարկվող ժամանակահատվածում հիփոթեքային վարկի սպասարկման նպատակով վճարված տոկոսների գումարների չափով վարձու աշխատողներին վերադարձված եկամտային հարկի գումարների աճը պայմանավորված է եղել գործընթացում ներգրավված անձանց՝ վարկառուների եւ հատկապես համավարկառուների թվաքանակի աճով: 

Կենտրոնի փորձագետները նշում են՝ կարող են փաստել, որ 2019 թվականին հիփոթեքային վարկով ու եկամտահարկի վերադարձի պայմանով բնակարաններ ձեռք բերելու գործընթացում ներգրավվել են համեմատաբար ավելի ցածր եկամուտների մակարդակ ունեցող անձինք, որոնք ձեռք են բերել ավելի էժան բնակարաններ, իսկ հիմա, երբ միջին եկամուտ ունեցողները սկսել են օգտվել այդ ծրագրից, խոսվում է ծրագրի կասեցման հնարավորության մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Այս թեմայով
am