«Ես խնդրում եմ՝ իմ հեղինակության հետ ոչ մի ֆրակցիա թող չխաղա». Արարատ Միրզոյանը՝ «Իմ քայլին» ու ԼՀԿ-ին

«Ես պետք է ընթերցեմ ԱԺ-ի տված եզրակացությունը, իսկ այս ինստիտուտի գլուխը պարոն Արարատ Միրզոյանն է: Եթե դուք ունեք կասկածներ այս հանձնաժողովի իրավասության ու օրինականության վերաբերյալ, դիմեք պարոն Միրզոյանին: Բայց եթե պարոն Միրզոյանն ընդունել է այդ որոշումը և կա ԱԺ որոշում, որ դա կարող է Ազգային ժողովում քննվել, ուրեմն այստեղ հարց է ծագում՝ դուք կամ Ձեր ԱԺ նախագահին չեք վստահում, կամ՝ փորձում եք քննիչ հանձնաժողովի օրինականությունը վարկաբեկել: Պատասխանեք՝ ո՞ր մեկն է». հունվարի 21-ի ԱԺ նիստում «Իմ քայլի» իր գործընկեր Արուսյակ Ջուլհակյանի հարցին հարցադրմամբ դիմեց ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը: Երկխոսությանը միջամտեց Արարատ Միրզոյանը. «Հը՞ն, տիկին Ջուլհակյան», -ասաց նա՝ հարուցելով դահլիճում նստածների ծիծաղը:

Ա. Ջուլհակյանը կրկնեց հարցը, ինչին ի պատասխան Ա. Սամսոնյանը նշեց, որ քննիչ հանձնաժողովն ստեղծվում է ԱԺ կանոնակարգի համաձայն: Աժ նախագահից ԼՀԿ-ն անհամապատասխանության վերաբերյալ դիմում չի ստացել:

«Իսկ թե ինչու չի վերադարձվել, դիմեք իմ կողմից շատ հարգված ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, որի հեղինակության հետ դուք հիմա խաղում եք»,-կրկին նշեց Ա. Սամսոնյանը: Կրկին միջամտեց Ա. Միրզոյանը. «Ժողովուրդ ջան, մի րոպե, ես խնդրում եմ՝ իմ հեղինակության հետ ոչ մի ֆրակցիա թող չխաղա: Մի փոքր պարզաբանում տամ. Աժ կանոնակարգ օրենքն ասում է, որ անհրաժեշտ թվով ստորագրություններ հավաքվելու դեպքում, իրավունքի ուժով քննիչ հանձնաժողովն ստեղծվում է: Եվ եթե ստորագրությունների թվի և անհրաժեշտ փաստաթղթերի հետ կապված որևէ խնդիր չկա, համապատասխանությունն ապահովված է, ԱԺ նախագահը հայտարարում է այդ մասին: ԱԺ նախագահը ո՛չ որոշում է հանձնաժողով ստեղծել, ո՛չ էլ ունի հայեցողություն՝ վիճարկել դրա սահմանադրականության վերաբերյալ: Հետևաբար, ԱԺ նախագահն այս առնչությամբ ինչքան մասնակցություն կարող էր ունենալ, ունեցել է: Մնացածը խմբակցություններդ իրար մեջ որոշեք»,-եզրափակեց ԱԺ նախագահը:

Հիշեցնենք, որ այս եռախոսությունը տեղի ունեցավ Երևանի քաղաքապետարանին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման գործընթացի օրինականությունը ստուգելու նպատակով քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկման ժամանակ:

 

Այս թեմայով
am