Վերջին մեկ տարում մտածողությունից մինչև վարվեցողություն, քաղաքական կամքից մինչև փաստացի իրականություն՝ որևէ երևույթ փոփոխության չի ենթարկվել. Արսեն Բաբայան

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան գրառում է արել՝ նշելով, որ  Հայաստանում անգամ իշխանափոխություն չի եղել: Նա մասնավորապես նշել է, որ դրանում համոզվել է հենց այսօր, երբ հետևել է Լուսավոր Հայաստանի ներկայացրած՝ քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնության ԱԺ-ի քննարկմանը:

Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Որ Հայաստանում հեղափոխություն չի եղել, դրանում համոզվեցինք առնվազն 1 տարի առաջ:

Բայց, որ Հայաստանում անգամ իշխանափոխություն չի եղել, դրանում էլ համոզվեցի հենց այսօր, երբ հետևեցի Լուսավոր Հայաստանի ներկայացրած՝ քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնության ԱԺ-ի քննարկմանը:

Նախ` ինչ է հեղափոխությունը հիմնաքարային փոփոխություն ուժի կամ կազմակերպչական կառուցվածքների մեջ: Հեղափոխությունը նաև կառավարման համակարգի փոփոխությունն է:

Ակնհայտ է, որ չունենք որևէ հիմնաքարային փոփոխություն, թեկուզ պայմանականորեն ընդունելով, որ վերացվել է համակարգային կոռուպցիան (չվերանալու մասին նախկինում խոսել եմ): Հիմնաքարային չեն անգամ այն փոփոխությունները, որոնք ինչ-որ չափով կարող են բարելավել հանրության սոցիալական վիճակը (ըստ էության սա էլ տեղի չի ունեցել):

Չունենք անգամ կազմակերպչական ու կառուցվածքային փոփոխություններ: Վառ օրինակ՝ գործող պետական ապարատի կառուցվածը, որը, բացի անվանումներից որևէ այլ իրական փոփոխության այդպես էլ չենթարկվեց:

Հեղափոխության համար իշխանափոխությունը (ուժի փոփոխություն) պարտադիր, սակայն ոչ բավարար պայման է:

Բայց, ինչպես արդեն ասեցի, մենք չունենք նաև իշխանափոխություն: Առնվազն Հայաստանում վերջին 1 տարում իշխանությունը չի փոխվել, քանի որ պահպանվել են նախորդ իշխանությանը բնորոշող բոլոր սյուները: Մտածողությունից մինչև վարվեցողություն և քաղաքական կամքից մինչև փաստացի իրականություն՝ որևէ երևույթ փոփոխության չի ենթարկվել: Իսկ կուսակցությունների անվանումներն ամենաանկարևորն է:

Վառ օրինակ՝ այսօր ԱԺ-ում իշխող քաղաքական ուժի պատգամավորների ելույթները, իսկ վերջում՝ նախաձեռնությունը օրենսդրական հնարքի կիրառմամբ տապալելու քայլը:

Հետևաբար` փոխվել են միայն դեմքերն ու անունները: Ստացվում է, որ մենք գրանցել ենք անձափոխություն, բայց ոչ երբեք իշխանափոխություն, առավել ևս՝ հեղափոխություն:

Անգամ Էդմոն Մարուքյանի այսօրվա քննադատությունն ու զգուշացումն էր նույն պնդումներով կամ հիմքերով, որը նա հասցեագրում էր նախորդ քաղաքական ուժին:

Այսքանից հետո դուք ինչպե՞ս եք կարողանում այլ անձանց մեղադրել նախկինների հետ մութ կապերում:

Այս մասին ապագայում գուցե հանդես կգամ ծավալուն հոդվածով:

Իսկ այժմ պետք է վերահաստատեմ պնդումս, որ մեզ իրական հեղափոխություն է պետք»:

 

Այս թեմայով
am