«Մեր դաշնակից Ռուսաստանը թույլ չի տալիս Ղազախստանին նավթ մատակարարել Բելառուսին». Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ Ռուսաստանը չի տալիս իր համաձայնությունը Ղազախստանից նավթի մատակարարմանը Բելառուս, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Հնարավոր է` Ղազախստանը կարողանա մեզ նավթ մատակարարել, եթե Ռուսաստանը համաձայնություն տա: Տարօրինակ է` մեր դաշնակիցը չի տալիս իր համաձայնությունը մեր մյուս դաշնակցից նավթի մատակարարմանը: Ինչ արած, այսպիսի իրավիճակ ունենք նավթի մատակարարման հետ կապված, պետք է լուծենք այս հարցը»,- ասել է Լուկաշենկոն երեքշաբթի արտահանմամբ նավթամթերքների իրացման բարելավման վերաբերյալ կազմակերպված հանդիպման ժամանակ:

Ավելի վաղ հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկի և Մոսկվայի նավթագազային վեճերի ֆոնին բազմիցս նշել է, որ երկիրն ակտիվորեն այլընտրանքային մատակարարման աղբյուրներ է փնտրում, մասնավորապես` հանրապետության համար էներգակիրների հիմնական մատակարար հանդիսացող Ռուսաստանի Դաշնության հետ պայմանավորվածությունների բացակայության դեպքում Մինսկը կարող է Լեհաստանի միջոցով «Դրուժբա» նավթային խողովակաշարով ամերիկյան կամ սաուդյան նավթ ստանալ:

Բելառուսի առաջին փոխվարչապետ Դմիտրի Կրուտոյն ավելի վաղ հայտնել էր, որ Մինսկը քննարկում է Ուկրաինայից, Լեհաստանից, մերձբալթյան երկրներից, Ղազախստանից և Ադրբեջանից նավթի մատակարարումների տարբերակները:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Բելառուսի հակամենաշնորհային գերատեսչությունների ներկայացուցիչներին չի հաջողվել համաձայնություն ձեռք բերել հանրապետության տարածքով ռուսական նավթի տարանցման սակագների վերաբերյալ:

 

Այս թեմայով
am