«Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը բացի «Ֆեյսբուքում» ստատուս գրելուց ուրիշ բան գրելու ընդունակ չէ». Անի Սամսոնյան

Ազգային ժողովը քննարկում է 2018թ. սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաև Երևան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում` գույքային, ինչպես նաև ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին որոշման նախագիծը:

Այն ներկայացրեց նախաձեռնող խմբի ներկայացուցիչ, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը հարց ու պատասխանի ժամանակ այս նախաձեռնությունը տարակուսելի համարեց, քանի որ գտնում է, որ ԱԺ-ն փորձում է վերցնել ավագանուն պատկանող լիազորությունը. «Երևանի մասին օրենքի 35-րդ հոդվածը լիազորություն է տալիս ավագանուն ստեղծելու քննիչ հանձնաժողով, ինչո՞ւ Ձեր ավագանին դա չի նախաձեռնել, և ինչո՞ւ չի իրականացվել սա ավագանու ներսում»,-հետաքրքրվեց նա:

Անի Սամսոնյանը պատասխանեց, որ Երևանի քաղաքապետարանը խախտել է թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքը: «Ցավով եմ նշում, որ Երևանի ավագանին այսօր չունի անհրաժեշտ կարողություններ, կամք՝ վերահսկողական գործառույթներ իրականացնելու, չունի բավարար պատշաճ մակարդակ, որպեսզի քննարկի այնպիսի հարցեր, որոնք վերաբերում են կոռուպցիային: Ներեցեք, ես բարձր կարծիք չունեմ Երևանի ավագանու մասին և այս հարցը վստահել Երևանի ավագանու կամքին կամ ցանկությանը, ես չեմ պատրաստվում»,-ասաց նա:

Շարունակելով` Գայանե Աբրահամյանը նշեց, որ սրանով փաստում է, որ չի վստահում Երևանի ավագանու իրենց խմբակցությանը և հորդորեց չընդհանրացնել որակումները, քանի որ իրենք «Իմ քայլը» ավագանու խմբակցությանը վստահում են:

Արձագանքելով՝ Անի Սամսոնյանը նշեց, որ ոչ միայն վստահում է Երևանի ավագանու «Լույս» խմբակցությանը, այլև կոչ է անում, որ ինքն էլ վստահի: «Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը, բացի ֆեյսբուքյան ստատուսներից ուրիշ բան գրելու ընդունակ չէ: Ինչո՞ւ է այս հարցը բերվել Ազգային ժողով, որովհետև այս հարցում ես վստահում եմ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանը և չեմ վստահում ավագանու «Իմ քայլը» ավագանու խմբակցությանը, որովհետև այստեղ ավելի պատրաստակամ ենք վերահսկողություն կատարելու»,- հավելեց նա:

 

Այս թեմայով
am