«Նախ՝ բավարար պայմաններ, ապա նոր՝ պարտադիր սպանդանոցային սպանդ». «Սասնա ծռեր»

Գործող իշխանությունը ոչ միայն ռազմավարական հարցերում, այլեւ առհասարակ շարունակում է մերժել հարցերը համակարգային կերպով լուծելու մեթոդը: Այս մասին հարցազրույց է տարածել «Սասնա ծռեր» կուսակցությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Նման մոտեցման հետեւանքով գրեթե ամեն շաբաթ ականատես ենք լինում արդարացի բողոքի ակցիաների:

Ծննդատներ փակելու ապիկար որոշմանը հաջորդեց չկշռադատված մեկ այլ որոշում՝ այս անգամ պարտադիր սպանդանոցային սպանդի վերաբերյալ, որի կարգն, ի դեպ, ընդունվել էր նախկինների օրոք, բայց չէր կիրառվում:

Ինչպես միշտ, կառավարությունն այս որոշումը կայացրել է առանց շահագրգիռ կողմերի, տվյալ դեպքում առաջին հերթին՝ անասնապահությամբ զբաղվող տնտեսվարողների, հետ քննարկման:

Բացի այդ, դարձյալ ինչպես միշտ, չի կատարել անհրաժեշտ հաշվարկներ, հաշվի չի առել փոքր եւ միջին տնտեսվարողների ծանր վիճակն ու պայմանները, նրանց նկատմամբ խոշորների մենաշնորհային դիրքի էլ ավելի ուժեղացումը, մթերման համակարգի բացակայությունը, սանիտարական եւ անասնաբուժական համակարգի անմխիթար վիճակը, սպանդանոցների արտադրողականությունը, դրանց անբավարար քանակությունը եւ շատ գյուղերից զգալի հեռավորությունը, ինչպես նաեւ շատ այլ կարեւոր հանգամանքներ:

Մինչդեռ՝ առանց նշված պայմանները բավարարելու եւ դրանց հետ կապված պրոբլեմները լուծելու, պարտադիր սպանդանոցային սպանդի պահանջը գրեթե անհնար է դարձնում մսամթերքի արտադրությամբ զբաղվող փոքր ու միջին տնտեսությունների հետագա գործունեությունը:

Մեր զորակցությունն ենք հայտնում իրենց իրավունքների համար պայքարող քաղաքացիներին, իսկ գործող իշխանությանը կոչ ենք անում լսել նրանց, բավարարել նրանց արդարացի պահանջները եւ պարտադիր սպանդանոցային սպանդի կարգը կիրառել միայն դրա համար բավարար պայմաններ ապահովելուց հետո:

 

Այս թեմայով
am