Իրանում պատգամավորը 3 մլն դոլար պարգև է խոստացել ցանկացած մեկին, ով կսպանի Թրամփին

Իրանի խորհրդարանի անդամ Ահմադ Համզեհը Թեհրանի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների սրման ֆոնին խոստացել է 3 մլն դոլար վճարել նրան, ով կսպանի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:

Ինչպես նշում է Reuters-ը՝ իրանական ISNA կիսապաշտոնական լրատվական գործակալությանը հղումով, պատգամավորն այս մասին ասել է երկրի 290 տեղանոց խորհրդարանի ամբիոնից ելույթ ունենալու ժամանակ՝ խոստանալով առձեռն վճարել գումարը:

«Ցանկացած մեկը, ով կսպանի Թրամփին, Քերման նահանգի բնակչության կողմից որպես պարգև կստանա 3 մլն դոլար՝ կանխիկ գումարով»,-ասել է օրենսդիրը՝ չմանրամասնելով, թե արդյոք հայտարարությունը համաձայնեցված է եղել Իրանի հոգևոր իշխանությունների հետ:

Համզեհը նաև նշել է, որ եթե Իրանը միջուկային զենք ունենար, ապա կկարողանար պաշտպանվել բոլոր տեսակի սպառնալիքներից:

Աղբյուրը հավելում է, որ Քերման նահանգը հունվարի 3-ին ԱՄՆ-ի կողմից իրականացված հատուկ գործողության ժամանակ սպանված գեներալ Ղասեմ Սոլեյմանիի ծննդավայրն է:

Ավելի վաղ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել էր վրեժ լուծել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար: Հունվարի 8-ին Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է գեներալի սպանության համար վրեժխնդրության գործողություն սկսելու մասին՝ հրթիռակոծելով Իրաքի արևմուտքում գտնվող ամերիկյան «Այն ալ-Ասադ» ռազմակայանը:

Ավելի ուշ իրանական Press TV հեռուստաալիքը հայտնել էր, որ Իրաքում ԱՄՆ ռազմաբազաների հրթիռակոծման հետևանքով 80 մարդ է զոհվել: Ամերիկյան կողմը հերքել է զոհերի մասին տեղեկությունը:

Այս թեմայով
am