Ունենք ներքին զորքեր, ՔԿ համակարգում արտակարգ իրավիճակ հայտարարելու հնարավորություն, և թող մեկը փորձի իր բախտը և պետության հետ սպառնալիքի լեզվով խոսի. արդարադատության նախարար

Մենք ունենք ներքին զորքեր, քրեակատարողական համակարգում արտակարգ իրավիճակ հայտարարելու հնարավորություն և իրավական հիմք, և թող մեկը փորձի իր բախտը և պետության հետ սպառնալիքի լեզվով խոսի:

Այս մասին ԱԺ-ում «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի քննարկման ժամանակ հայտարարեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի և պատգամավոր Արման Բաբաջանյանի հայտարարություններին:

Սամսոնյանը, նշենք, հայտարարել էր, թե օրենքի մասին առաջին խոսակցություններից հետո քրեակատարողական հիմնարկներում սկսվեցին անկարգություններ, ինչը բունտ էր այս օրենքի դեմ: «Այն բարքերը, որոնք բուն են դրել քրեակատարողական հիմնարկներում, ինձ ստիպում են հանգել այն եզրակացությանը, որ մենք կարող ենք ունենալ անվտանգության խնդիր»,-նշել էր պատգամավորը:

Իսկ Արման Բաբաջանյանը նշել էր, թե վախվորած ոստիկանությամբ հնարավոր չէ պայքարել քրեական աշխարհի և հանցավորության դեմ, նախ պետք է կարողանալ վերազինել և անհրաժեշտ գործիքները տալ իրավապահ համակարգին:

«Պարո՛ն Բաբաջանյան, ինչ վերաբերում է պետությանը և պետության ուժին, ես Ձեզ հետ համաձայն եմ, ժամանակն է, որ պետությունն իր ուժը ցույց տա, ոստիկանությունն իր ուժը ցույց տա, և տիկի՛ն Սամսոնյան, Ձեր մտահոգությունները փարատեմ՝ պետությունը այնքան հզոր է այս պահին, որ թող որևէ մեկը համարձակվի անկարգություններով մեզ սպառնալ»,- արձագանքեց Ռուստամ Բադասյանը:

Նախարարն անդրադարձավ նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե Արդարադատության նախարարությունը մերժում է նախագծի վերաբերյալ իրենց ներկայացրած առաջարկը, քանի որ այն ներկայացրել է «Լուսավոր Հայաստանը»:

«Մենք ուղղակի կաշվից դուրս ենք գալիս, որ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների հետ լինի բարիդրացիական աշխատանքային մթնոլորտ: Դա դրսևորվում է օրենսդրական նախաձեռնություններին մեր արձագանքով, քննարկման պատրաստակամությամբ»,-ասաց նախարարը:

Հիշեցնենք, որ «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի ընդունման դեպքում քրեական միջավայր ստեղծելը կամ ղեկավարելը, քրեական միջավայրում կամավոր ներգրավվելը, այդ ենթամշակույթին հարելն ու տարածելը կքրեականացվի:

Այս թեմայով
am